Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող աչքերը լայն բացեն նման բան ասողները». Վահագն Գեւորգյանը վստահեցնում է, որ բնակարանի ու մեքենայի հրկիզումն իրեն ձեռնտու չէր

Հունիս 09,2019 12:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են:

29/10 ընտրական տեղամասում քվեարկեց քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա միջադեպին՝ կապված ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբներից մեկը գլխավորող Վահան Սարիբեկյանի բնակարանի դուռն ու ավտոմեքենան հրկիզելու հետ:

Դիտարկմանը, որ սլաքներն ուղղվում են ձեր կողմ՝ Գեւորգյանը պատասխանեց. «Առաջինը ինձ եւ մեր թիմակիցներին դա ձեռք չէր տալիս, երկրորդը՝ ես եղել եմ դեպքի վայրում եւ ինքս դատապարտում եմ նման ստոր, զազրելի արարքը: Իմ խնդրանքն է իրավապահ մարմիններին վայրկյան շուտ, օր շուտ բացահայտել»: Երբ լրագրողներն ասացին, որ ամեն դեպքում, իշխանական դեմքերը դա կապում են ԲՀԿ-ի հետ ձեր հետ՝ Գեւորգյանը պատասխանեց. «Ես ինքս անկուսակցական եմ, բերեք չքաղաքականացնենք, որեւիցե մի կուսակցության հետ չկապենք: Նորմալ, խոհեմ ցանկացած մարդ ուղղակի դատապարտում է նման արարքը»: Նա ասաց, որ ԲՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, որ իրեն է պաշտպանում:

Լրագրողները փոխանցեցին՝ ձեր մրցակիցներն ասում են, որ դուք նախորդ 4 տարիների ընթացքում էական աշխատանք չեք կատարել, հպարտացել եք բյուջեն խնայելով, բայց գործ չեք արել՝ Վահագն Գեւորգյանը պատասխանեց. «Թող աչքերը լայն բացեն նման բան ասողները: Եզակի համայնքներից է, որ մենք 100 տոկոսով անցել ենք էներգախնայող լուսավորության, աբովյանցի մանկապարտեզ չգնացող երեխա չունենք, մի հատ լավ պուրակ կա, որ իմ պաշտոնավարման ժամանակ է կառուցվել…»:

Նա ասաց, որ քվեարկել է՝ հանուն Աբովյանի շարունակականության, կայուն զարգացման:

Երբ փոխանցեցին Կոտայքի մարզպետի հայտարարությունը, որ 2 ահազանգ են ստացել, մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը՝ Գեւորգյանը չցանկացավ դրան արձագանքել՝ միայն նշելով, որ տեղյակ չի: Նրա խոսքով՝ «Ես հարգում եմ հեղափոխության առաջնորդին, բայց կան մարդիկ, անուններ չհնչեցնեմ, որ ընդհանրապես կապ չունեն էս հեղափոխության հետ: Ես կարծում եմ, հեղափոխություն Աբովյան քաղաքում եղել է 4 տարի առաջ: Մեր համայնքի բյուջեն ոչ մի պարտք չունի, մի լումա չարաշահում, վատնում չի հայտնաբերվել»:

Հիշեցնենք, որ ընտրողների թիվը Աբովյանում 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի, որը Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջեւ: Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930