Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ նկարում են քվեաթերթիկը, դա վերջին գործիքակազմն է հին բարքերի». Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում ընտրախախտումների մասին

Հունիս 09,2019 12:22

Այսօր Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն արձակուրդ է վերցրել՝ աջակցելու ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանին, շրջում է ընտրատեղամասերում: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ շրջում է՝ տեսնելու՝ արդյոք «օրինականության տառը պահպանվում է, կուտակումներ կա՞ն, թե՞ չէ, արդյոք ոստիկանությունն իր դիրքերո՞ւմ է, վստահված անձինք իրենց վարքով դավանած արժեքների մե՞ջ են, եթե չէ՝ հակադարձեմ»:

Պետրոսյանն ասաց, որ ոստիկանությունն իր դիրքերում է. «Սա փոքրիկ ստուգայց է»:

Մարզպետն ասաց, որ շտաբում երկու ահազանգ են արդեն ունեցել. «Մարդիկ նկարում են քվեաթերթիկը: Դա վերջին գործիքակազմն է հին բարքերի, հին քաղաքական մշակույթից: Տեղամասերում ես չեմ լինում, մերձակա շրջակայքում եմ լինում, որ համոզվեմ՝ կուտակումներ չկան, նաեւ քաղաքացին գիտակցի, որ պետությունն իր մեջքին կանգնած է»:

Թե ինչու են նկարում քվեաթերթիկը՝ Ռոմանոս Պետրոսյանն այսպես բացատրեց. «Ապացուցելու իրենց քաղաքական հայրերին, որ տեսեք, արջի ծառայությունը մատուցել ենք»:

Մարզպետn ասաց, որ մեծ աշխատանք են տարել՝ կանխելու ընտրակաշառքն ու ընտրախոստումները, բայց, ամեն դեպքում, չի կարող բացառել, որ այն ուժերը, որոնք սովոր են նման գործելաոճին, այսօր զերծ կմնան հին ավանդույթներից:

Մարզպետը վստահ է՝ քվեաթերթիկն ինքնանպատակ չեն նկարի մարդիկ, դա որեւէ մեկին հաշվետու լինելու համար են անում ու դրա համար դիմել են ոստիկանություն. «Այս պահին միակ գործիքակազմը, որ կարող են կիրառել նախկինի մեթոդներով գործողները, մնացել է միայն լուսանկարահանումը, իսկ դա քրեորեն պատժելի արարք է: Քվեարկությունը փակ գաղտնի է, որեւէ մեկն իրավունք չունի հարցում անել, թե ում եք ընտրել ու քաղաքացին էլ իրավունք չունի հաշվետու լինել, թե ում է ընտրել»:

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Աբովյանում հին քաղաքական մշակույթի եւ նոր կառավարման համակարգի, կլանային կառավարման եւ քաղաքացիական ինստիտուտների կայացման լուրջ գործընթացներ են գնում ու նա վստահ է, կհաղթի նորը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից աբովյանցիներն իրենց քաղաքացիական պարտքն են կատարում: Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ: Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930