Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արևից խուսափելու խորհուրդը՝ տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ

Հունիս 09,2019 23:00

Ամառային այս օրերին մեզ շատ հաճախ խորհուրդ են տալիս պաշտպանվել արևից՝ չմոռանալով նշել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարության մասին։ Կայքերը, թերթերը, նորաձևության ամսագրերն էլ իրենց պարտքն են համարում անդրադառնալ արևապաշտպան ամենատարբեր միջոցներին՝ կրեմներին, լոսյոններին, կոսմետիկ յուղերին՝ հավաստիացնելով, որ առանց դրանց ամառն անցկացնելն ու հանգստի մեկնելը «հանցագործության» պես մի բան է։

Սակայն Aravot.am-ի «ԱՌՈՂՋ ԱՌԱՎՈՏ» նախագիծն այսօր հարցին անդրադառնում է այլ տեսանկյունից՝ ներկայացնելով այլ տեսակետ, որի համաձայն արևից պետք չէ խուսափել, ինչպես նաև պետք չէ շատ ոգևորվել արևապաշտպան միջոցների օգտագործմամբ։ Իհարկե այս դեպքում մենք չենք մոռանում հիշեցնել ոսկե կանոնի՝ չափավորության մասին՝ չմոռանալով, որ լինելով կենսատու՝ արևն, այնուամենայնիվ, նաև այրել գիտի։

Ստորև ներկայացնում ենք Ամերիկայում հայտնի օսթեոպատ Ջոզեֆ Մարկոլայի հոդվածը՝ թարգմանաբար։

2014 թ․-ի հուլիսին ԱՄՆ-ի բժշկական ծառայության պաշտոնակատար Բորիս Լուշնյակը, որը մասնագիտությամբ մաշկաբան է, հանդես եկավ մաշկի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու կոչով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ու արևի ազդեցությունը վնասակար հայտարարելով։

Դերմատոլոգիայի ամերիկյան ակադեմիան ու մաշկի քաղցկեղի դեմ պայքարող ֆոնդը նույնպես արևի տակ գտնվելուն դեմ էր՝ անկախ մաշկի գույնից, և համոզված, որ վիտամին D-ով հավելումների օգնությամբ լիովին կարելի է լրացնել այս հույժ կարևոր վիտամինի պակասը։

Այս իռացիոնալ ու մակերեսային դիրքորոշումը ոչ մի վստահություն չի ներշնչում։ Մոտ 34 000-ից ավելի հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարևորագույն դեր ունի ինչպես վիտամին D-ի առաջացման, այնպես էլ ամենատարբեր խնդիրների կանխարգելման գործում։

Արևի տակ գտնվելու օպտիմալ ժամանակահատվածը կախված է մեր մաշկի գույնից, և ցանկացած խորհուրդ, որն անտեսում է այդ փաստը, զերծ է տրամաբանությունից։

Մենք գիշերային էակներ չենք, ուստի արևից խուսափելու խորհուրդը մեզ համար ամենևին էլ նպատակահարմար չէ։

Վերոնշյալ տեսակետի կողմնակիցները կարողացել են համոզել առողջապահության չինովնիկներին ու զանգվածային լրատվամիջոցներին, որ վերջիններս քարոզեն արևապաշտպան միջոցների օգտագործման անհրաժեշտության մասին։

Իսկ ի՞նչ կատարվեց հասարակության կողմից այս «կանխարգելիչ» մեթոդի ընդունումից հետո․ ավելացավ քաղցկեղով հիվանդացության աստիճանը։

Պատճառն այն է, որ արևապաշտպան կրեմների մեծամասնությունը արգելափակում են B սպեկտրի UV ճառագայթները, որոնց շնորհիվ բարձրանում է վիտամին D-ի մակարդակը և նվազում քաղցկեղով հիվանդանալու վտանգը, սակայն դրա հետ մեկտեղ այդ կրեմների միջով հեշտությամբ անցնում են A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթները (UVA), որոնց երկարատև ազդեցությունը կարող է մաշկի քաղցկեղի զարգացման պատճառներից մեկը դառնալ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափելու պրոպագանդան կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջական խնդիրների վրա, որոնք կապված են վիտամին D-ի անբավարարության հետ, օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդություններ, աուտոիմունային հիվանդություններ, դեպրեսիա և այլն։

UVВ ճառագայթումը կարևոր նշանակություն ունի առողջության համար, իսկ այդ ազդեցության հետ կապված ռիսկերը պայմանավորված են այդպիսի ճառագայթման ներքո չափից շատ գտնվելով և այրվածքներով։

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, վիտամին D-ն  մասնակցում է մարդու օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր բջջի, ներառյալ իմունային համակարգի կենսաքիմիական պրոցեսներին։

Վիտամին D-ի անբավարարությունը կարող է տարբեր ճանապարհներով վնասել առողջությանը։

Ինչպես նշել է «Արևի լույսի, սննդի և առողջապահության հետազոտության կենտրոնի» (SUNARC) ղեկավար, գիտնական Ուիլյամ Գրանտը, արևի ազդեցությունից խուսափելու համար տանը նստելը լավագույն խորհուրդը չէ։

Վիտամին D-ն չափազանց կարևոր է հղի կանանց համար

Վիտամին D-ն հատկապես կարևոր է հղի կանանց համար, քանի որ դրա անբավարարությունն ազդում է ինչպես մոր, այնպես էլ երեխայի վրա՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ ավելի երկարաժամկետ հեռանկարում, օրինակ՝ մեծանում է ապագայում երեխայի մոտ դիաբետի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների զարգացման վտանգը։

Կան հետազոտություններ, որոնց համաձայն մոր մոտ վիտամին D-ի բավարար քանակն օգնում է ձմռան ամիսներին ծնված երեխաներին ավելի ամուր ու առողջ ոսկորներ ունենալ։ Իսկ արևի ներքո գտնվելը վիտամին D-ի կարևորագույն աղբյուրներից է։

Ինչ վերաբերում է արևապաշտպան միջոցներին, ապա դրանց օգտակարությունը գիտական բավականին հեղհեղուկ հիմնավորում ունի։

Իհարկե, պետք է խուսափել խիստ արևայրուքից, սակայն արևի ազդեցությունն անհրաժեշտ է օպտիմալ առողջության համար, իսկ թե որքան ժամանակ արժե անցկացնել UVB ճառագայթների ներքո, առավելապես կախված է մաշկի տիպից։

Ավելի մուգ գույնի մաշկ ունեցող մարդիկ արևի տակ ավելի երկար ժամանակ կարող են գտնվել՝ բավականաչափ վիտամին D ստանալու համար։

Ինչպես նաև հաստատվել է, որ վիտամին D-ի պակասը մեծացնում է ներքին օրգանների քաղցկեղածին հիվանդությունների վտանգը։

Մաշկաբան Ռիչարդ Ուելլերի կարծիքով վիտամին D-ի արտադրությունից բացի արևի տակ գտնվելը բարենպաստ է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն անհրաժեշտ են մարդու առողջության համար

Մենք գիշերային էակներ չենք, և չնայած որ UV ճառագայթների չափազանց մեծ ազդեցությունը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, այդ վտանգն, այնուամենայնիվ, վերահսկողության ենթակա է, եթե առողջ դատողությամբ մոտենանք մի շարք հարցերին։

  • Պետք է հաշվի առնել մաշկի գույնը․ եթե մաշկը մուգ է, ապա արևի ավելի երկարատեւ ազդեցության անհրաժեշտություն կա։
  • Հնարավորինս խուսափել արևային այրվածքներ ստանալուց։
  • Իմանալ սեփական օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը, որը կարելի է անել արյան անալիզի միջոցով։
  • Որպեսզի օրգանիզմում վիտամին D արտադրվի, UVB ճառագայթները պետք է բաց մաշկի վրա ազդեն։ Մաշկի որքան մեծ մակերես է ենթարկվում ճառագայթների ազդեցության, այնքան արևի տակ գտնվելու քիչ ժամանակ է հարկավոր։ Քանի որ շատ քիչ մթերքներ են վիտամին D պարունակում, իսկ հավելումների լիարժեք արդյունավետությունը դեռևս հարցեր է առաջացնում, այն ստանալու ամենաօպտիմալ տարբերակը մնում է արևը։

Հ․Գ․ D վիտամին է պարունակվում հետևյալ սննդամթերքների մեջ (100 գ-ում)․

Ծովատառեխ – 294-1676 մգ

Սաղմոն (պահածոյացված) – 200-800 մգ

Սկումբրիա – 304-405 մգ

Ձվի դեղնուց– 45-390 մգ

Ընտանի թռչունի լյարդ – 55 մգ

Թթվասեր – 50 մգ

Տավարի լյարդ – 45 մգ

Խոզի լյարդ – 44 մգ

Սերուցքային կարագ – 10-150 մգ

Կաթ – 2-10 մգ

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930