Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտաբեր պաշտոն

Հունիս 09,2019 12:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվելուց հետո Հայաստանում հետհեղափոխական իրավիճակը, փաստորեն, էապես փոխվեց: Քաղաքական գործիչներն ու քաղաքացիները Քոչարյանի խափանման միջոցի փոխվելը սկզբում տարբեր կերպ էին մեկնաբանում: Շատերը գտնում էին, որ այդ հարցում Մոսկվայի ու անձամբ Պուտինի դերն է մեծ նշանակություն ունեցել: Ոմանց կարծիքով էլ վարչապետ Փաշինյանն ու դատարանն էին հարգանքով վերաբերվել Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությանը: Ոմանք էլ համարում էին, որ Փաշինյանն ընդհանրապես չի միջամտել, եւ դատարանն ինքնուրույն որոշում է կայացրել: Մի խոսքով, ամենասկզբում կարծիքներն իրարից չափազանց տարբեր էին: Բայց երբ վարչապետը ելույթ ունեցավ եւ հեղափոխականներին կոչ արեց հաջորդ առավոտյան շրջապատել դատարանները՝ հայտարարելով, որ սկսվում է հեղափոխության երկրորդ փուլը, բոլորը հասկացան, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցում վարչապետ Փաշինյանը ոչ միայն Մոսկվայի ու Պուտինի, այլեւ Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ համակարծիք չէ: Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխության երկրորդ փուլն սկսված է, բայց հետագա անելիքների մասին ոչինչ չասաց, եւ դա բնական էր, որովհետեւ հեղափոխականների հետագա քայլերն ուղղակիորեն կախված են լինելու նաեւ հակահեղափոխականների հետագա քայլերից: Իսկ որ վերջիններս ձեռքերը ծալած չեն նստելու, դա արդեն պարզից էլ պարզ է:

Ինչ վերաբերում է դատավորներին, դատախազներին եւ ընդհանրապես դատական համակարգին, հարկ է նշել, որ տվյալ արատավոր համակարգը ձեւավորվել է ոչ թե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, այլ շատ ավելի վաղ՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում, որտեղ ողջ դատական համակարգը՝ դատավորներով ու դատախազներով հանդերձ, համակարգի ու բարձրագույն իշխանության համր դրածոն էր, եւ, փաստորեն, շարունակեց նույնը լինել նաեւ Հայաստանի անկախության տարիներին, եւ այդ բոլոր տարիներին համակարգն իր ներկայացուցիչներով հանդերձ՝ ուղնուծուծով խրված է եղել կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, եւ չնայած Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ոչ միայն վարչապետ Փաշինյանին վրդովեցրեց, այլեւ մեր հասարակության մեծ մասին, բայց դա չի նշանակում, որ եթե Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեր, ու համակարգն էլ, իր ներկայացուցիչներով հանդերձ, շարունակեր իշխանությունների հլու կամակատարը հանդիսանալ, վարչապետը պիտի չվրդովվեր ու չմտածեր, որ համակարգը ոտից գլուխ արմատական փոփոխությունների ու վիրահատության կարիք ունի: Կարճ ասած՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության պատճառով վրդովված հեղափոխական մասսան պիտի շատ էլ գոհ լինի, որ դատարանը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեց, որովհետեւ եթե դատարանը Քոչարյանի խափանման միջոցը չփոխեր եւ հլու ու հնազանդ կատարեր իշխանությունների կամքը՝ ինչպես որ տասնամյակներ շարունակ է արել, Նոր Հայաստանի գաղափարի հեղինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալի չէր գա եւ չէր մտածի համակարգում արմատական ու վիրահատական փոփոխությունների եւ հեղափոխության երկրորդ փուլի անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է դատական համակարգում արմատական ու վիրահատական փոփոխություններին, դրա անհրաժեշտությունը անկախ Քոչարյանի դեպքից էլ կար, եւ եթե պետությունն ու հասարակությունը ներկայիս դատական համակարգով մինչ այժմ յոլա են գնացել, ապա Նոր Հայաստանում դա հնարավոր չի լինի, որովհետեւ ներկայիս դատական համակարգով անհնարին է իրականացնել Նոր Հայաստանի տեսլականը:

Բայց ներկայիս դատական համակարգի արմատական ու վիրահատական բարեփոխումն էլ հեշտ գործ չէ՝ գրեթե անհնարին: Գրեթե անպատկերացնելի է, թե ինչքանով է հնարավոր արմատապես փոխել այն, ինչ տասնամյակներ շարունակ ձեւավորվել եւ չափազանց խորը արմատներ է գցել իրականության մեջ ու մեր կյանքում, ընդ որում՝ նաեւ մեր մտածողության ու հանդուրժողականության շնորհիվ:

Գաղտնիք չէ, որ դեռեւս խորհրդային ժամանակներից մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում գոյություն ունեին եւ հիմա էլ գոյություն ունեն, կոպիտ ասած, եկամտաբեր ֆակուլտետներ, որոնք ավարտելուց հետո շրջանավարտն անցնում էր «փողոտ» աշխատանքի, եւ դրանցից ամենաեկամտաբերն ու ամենափողոտն իրավաբանական ֆակուլտետն էր, որն ավարտողն իր ողջ հետագա կյանքում պիտի կոռուպցիայով զբաղվեր, եւ բոլորը դա գիտեին, եւ հիմա էլ է էդպես, եւ հիմա էլ բոլորս դա գիտենք եւ, իմանալով հանդերձ, խոնարհաբար ու լռելյայն ընդունում ենք դա ի գիտություն: Եվ իրավաբանական ընդունված ուսանողի ծնողն էլ է դա իմանում, եւ, իմանալով հանդերձ, ցնծում է, որ իր զավակն իրավաբանական ընդունվեց եւ ավարտելուց հետո ողջ կյանքում պիտի կոռուպցիայով զբաղվի: Եվ պիտի կոռուպցիայով զբաղվողներին դատի:

Կներեք հոռետեսությանս համար, բայց, իմ կարծիքով, չափազանց դժվար է լինելու բոլորիս լուռ համաձայնությամբ ստեղծված ու ձեւավորված այս կուռ համակարգը հիմնավորապես արմատախիլ անել: Ինչպես որ միասնաբար ստեղծել ենք, երեւի էդպես միասնաբար էլ պիտի արմատախիլ անելու գործին լծվենք:

Միասնաբար:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

07.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հիմա էլ իշխանությունների դեմ պայքարողները այդ համակարգի բալիկներն են, որոնք ապագայում փող աշխատելու խնդիր են ունենալու, վեթթինգի դեպքում կարող է ծնողների կուտաածը կորցնեն, դրա համար էլ «սրբազան» պայքարի են լծվել: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, էդ «ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻՑ» քանի՞սը կգնան: Նայեք դրանց սատարողների կիսագրագետ ռուսերենով քոմենթները և պատկերացում կազմեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930