Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8-ին արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ներկայացնելով միջադեպի հանգամանքները։
Ըստ Պողոսյանի՝ Խաչատուրովը ընտանեկան հանգամանքներով այսօր փորձել է մեկնել իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00-ի սահմաններում Բագրատաշենի սահմանակետում նրան արգելել են դուրս գալ երկրից։
«Ի սկզբանե սահմանահատումների արգելք դնելը հակաօրինական է եղել, քանի որ Յուրի Խաչատորովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը սահմանահատումների արգելք չի նախատեսում: Բացի այդ, մենք նախապես դիմում էինք գրել դատարանին ու հայցել էինք դատարանի թույլտվությունը, քանի որ քրեական գործով ելքի արգելք սահմանող փաստաթուղթ չկա, խնդրել էինք դատարանին հնարավոր խոչընդոտներ լինելու դեպքում վերացնել նաև այդ խոչընդոտները, դատարանը բավարարել էր մեր պահանջը, թույլատրել էր մեկնել ՀՀ-ից և սահմանահատման արգելք լինելու դեպքում վերացրել էր նաև այդ արգելքը, ուղարկել էր տվյալ գրությունը սահմանահատումների նկատմամբ հսկողություն իրականացնող քրեական հետախոզության գլխավոր վարչությանը»,- մանրամասնում է Պողոսյանը:
Պաշտպանն ասում է, որ թեև դատարանի գրության և թույլտվության մի օրինակը գտնվել է Խաչատուրովի մոտ՝ հնարավոր խոչընդոտների դեպքում տեղում ցույց տալու նպատակով, սակայն անգամ փաստաթղթերը ներկայացնելուց հետո էլ նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում