«Փոքր ժամանակ ինձ միշտ ասում էին՝ բազմակողմանի զարգացած երեխա, տառերն ինքնուրույն եմ սովորել չորս տարեկանում, իսկ հինգ տարեկանում գրում էի, կարդում էի, երբ դպրոց գնացի, ուզում էին միանգամից երկրորդ դասարան նստեցնել, բայց ես այնքան փոքրիկ էի, վեց տարեկանս դեռ չէր լրացել, մայրս չհամաձայնեց, ասաց՝ մեղք է երեխաս»,- Aravot.am-ին պատմեց մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Նրա խոսքով, ինքը շատ հետաքրքրասեր է եղել եւ նաեւ այդ պատճառով ամառային արձակուրդներին միշտ ուսումնական նոր տարեսկզբի համար վերցրած դասագրքերը ծայրից ծայր կարդացած էր դպրոց գնում:
Դպրոցական տարիներին հաճախել է տարբեր խմբակների, նախկին փոխնախարարը երգել է խոռում, ստացել կար ու ձեւի հմտություններ, պարի է հաճախել, իսկ 15 տարեկանում դպրոցական արձակուրդների ժամանակ որոշել է գումար վաստակել ու ջերմոցում սկսել է քաղհան անել. «Այն տարիքն էր, երբ ուզում ես ինքնուրույն լինել, ըմբոստ քայլեր անել եւ այլն, ես մտավորականների ընտանիքից եմ սերում, բայց որոշեցի՝ իմ գումարը պետք է վաստակեմ չարքաշ աշխատանքով ու գնացի քաղհան անելու այդ մի քանի ամիսը, մայրիկիս գումար տվեցի, ինքը չվերցրեց: Իմ վաստակած գումարով ինձ համար մագնիտոֆոն գնեցի, որովհետեւ շատ էի ուզում իմ սեփական մագնիտոֆոնն ունենալ, հետո քույրերիս հետ գնացի Ծաղկաձոր հանգստյան տուն»:
Ավարտական դասարանում Նազենի Ղարիբյանը տատանվել է բժշկի եւ ռեժիսորի մասնագիտությունն ընտրելու միջեւ. «Հաղթեց արվեստն ու թատրոնը, փոքր հասակից խաղացել եմ, բարեկամական շրջապատում ինձ միշտ ասում էին արտիստուհի, երգում էի, պարում, հինգ տարեկանից գեղասահքի եմ գնացել, պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ եղել…Դիմեցի թատրոնի եւ կինոյի ինստիտուտ դերասանական բաժին՝ այն մտքով, որ երկրորդ կուրսից կփոխեմ ռեժիսորական բաժին, բայց այդ տարի չընդունվեցի ինստիտուտ: Ես համառ էի ու որոշեցի, որ պետք է հաջորդ տարի էլ դիմեմ, բայց հաջորդ տարի առաջին անգամ բացվեց արվեստաբանական բաժինը, քանի որ փոքր հասակից գրում էի, նկարում, այդ բաժինն ինձ գրավեց ու փորձեցի ուժերս, ընդունվեցի»:
Բուհն ավարտելուց հետո ինստիտուտի արվեստի պատմության ամբիոնի վարիչը նրան առաջարկել է աշխատանք՝ լաբորանտի, մի քանի ամիս հետո սկսել է ինստիտուտում դասախոսել: Նա նաեւ համագործակցել էլ է մի շարք թերթերի, գրել հոդվածներ, կատարել խմբագրի աշխատանք:
Կարդացեք նաև
Նազենի Ղարիբյանի խոսքով, ինքը նախորդ իշխանությունների ժամանակ էլ է մշակույթի ոլորտում պաշտոնի առաջարկ ստացել, բայց հրաժարվել է. «Պաշտոնի առաջարկ եղել է, էլի մշակույթի նախարարությունում, բայց ես հրաժարվել եմ , կուսակցություն մտնելու առաջարկ էլ եմ ունեցել, կարեւոր չէ՝ որ կուսակցությունն էր, բայց ես մտածում եմ՝ երբեք չեմ լինի կուսակցական մարդ, առ այսօր փորձել եմ չլինել, որովհետեւ ինձ համար դա կարեւոր չէ Հայաստանին ծառայելու համար, բացի այդ՝ ես միշտ պայքարող կողմում եմ եղել եւ ինձ համար նաեւ ուրիշ դռներ են բաց եղել, կարիք չեմ ունեցել ստիպված համակարգի մեջ մտնել»: Ինչու Նազենի Ղարիբյանը մշակույթի ոլորտ եկավ աղմուկով ու հեռացավ աղմուկով, պատճառն ըստ նրա. «Մշակույթի ոլորտը ամենաքիչ բարեփոխված ոլորտն է անկախությունից ի վեր, այնտեղ մինչեւ այսօր խորհրդային իրականությունն ամենաշատն է նստած, ու պարզ է, որ ամենամեծ դիմադրությունը պետք է այդ ոլորտում լիներ: Օրինակ ՊՈԱԿ-ների հարցի դեպքում, իսկ դուք գիտեք, որ կառավարության յուրաքանչյուր նիստում տարբեր նախարարություններից մի քանի ՊՈԱԿ միանգամից փակվում էր, միանում մեկ ուրիշին, որեւէ մեկը դրա վրա ուշադրություն չէր դարձնում, բայց այս դաշտում տեսաք՝ ինչ կատարվեց: Երկու պատճառ կար. առաջին՝ մշակույթի դաշտում ճանաչված մարդիկ են, իրենց ձայնն ավելի ընդգրկուն է, երկրորդ՝ այդ համակարգը շատ քարացած համակարգ է ու դրա համար դիմադրությունն ավելի ուժեղ էր:
Նազենի Ղարիբյանն ավելի վաղ ասել էր, որ իր դեմ բողոքները մի մարդ է կազմակերպել ու այդ մարդը հիմա իշխանությունում է, մեր հարցին՝ ում նկատի ունի, տիկին Ղարիբյանը պատասխանեց. «Անձը կարեւոր չէ, ես որեւէ մեկին մրոտելու կամ վնասելու նպատակ չեմ ունեցել, իմ խնդիրն էր ահազանգել մի բան, որ կա այսպիսի երեւույթ ու այդ երեւույթի արդյունքում է, որ դուրս եմ եկել, հրաժարվել եմ: Իմ կռիվը աթոռի կռիվ չէ, ես ինձ միշտ բարձր եմ դրել ներիշխանական ներքին բաներից: Ես, պարզապես, դա ֆիքսել եմ ու հասկացել ամեն բան, տվյալ անձնավորությունը թող չկարծի՝ ես չեմ իմացել, թե ինչպես է աշխատել: Ես ցանկություն չունեի մտնել ներքին կռիվների մեջ, որովհետեւ դա պառակտման հոսանք էր, ես կառուցողական էի մտածում ու իմ աշխատանքն եմ արել, օրը տասնյոթ ժամ երկու պաշտոն եմ վարել հինգ ամիս շարունակ, հիմա հեռանում եմ հանգիստ խղճով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ