«Ադեկվատ» հ/կ-ի 11 անդամներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն: «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր նախաձեռնողներից Լիկա Թումանյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց: «Նախ, նախաձեռնության անդամներից երկուսը տուն գնալու ճանապարհին բերման են ենթարկվել: Առայժմ չեմ կարող հստակ ասել հանգամանքները, որովհետեւ նրանք դեռ ոստիկանությունում են, բայց հասցրին փոխանցել, որ ահաբեկման կասկածով են բերման ենթարկել: Այսինքն, ինչ-որ մեկն ահազանգել է եւ մատնություն տվել, թե իբրեւ իրենք ահաբեկել են:
Դրանից հետո «Ադեկվատ»-ի հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը եւ եւս յոթ անձ գնացել են ոստիկանության բաժին՝ իրավիճակը հասկանալու, նրանց էլ տեղում բերման են ենթարկել: Պատճառը դեռ պարզ չէ, փաստաբանը տղաների հետ է: Միանշանակ է, որ տղաները պահանջում են նախեւառաջ բացահայտել ահազանգողին ու ստուգել ահազանգի իսկությունը, այլապես ստացվում է, որ ամեն մարդ վտանգված է: Յուրաքանչյուրին կարող են այսպես բերման ենթարկել՝ անանուն զանգի հիման վրա՝ «ահաբեկման» կասկածով»,-նկատեց Լիկա Թումանյանը:
Նա հավելեց, որ այսօր «Ադեկվատ»-ի անդամները զբոսանք են իրականացրել Երեւանում՝ առանց պաստառների եւ կոչերի. «Պարզապես քայլել են, եւ չեմ կարծում, որ դրա հետ է խնդիրը կապված, այլապես ոստիկանությունը տեղում կարձագանքեր»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ