Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տանում եմ այն դասը, որ Վաշինգտոնում պետք է խոսենք այս տարածաշրջանի կարևորության մասին». Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական

Հունիս 08,2019 18:36

«Հայաստանը կարող է ունենալ իր քույր ձեռնարկը՝ հայ մտքերի գագաթաժողով: Հուսով եմ՝ մյուս տարի հայ մտքերի գագաթաժողով կկազմակերպվի Հայաստանում»,- Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի  շրջանակում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա վստահեցմամբ՝ մենք՝ հայերս, պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի միջև՝ բաժանելով նրանց, որոնք ապրում են սփյուռքում և Հայաստանում, Արցախում,  խոսում են, կամ չեն խոսում հայերեն: Նրանք բոլորն էլ հայ են: Այս գագաթնաժողովը հնարավորություն է հասկանալ աշխարհին, և աշխարհին հնարավորություն է տալիս հասկանալ Հայաստանը»: Դառնալով ՀՀ-ի կամուրջ լինելու առաջարկներին՝ Արմեն Սարգսյանն ասաց. «Հայ գործարարները միշտ էլ եղել են հրաշալի բանակցողներ, նրանք ամբողջ աշխարհում հայտնի բանակցողներ են: Ինչո՞ւ ՀՀ-ն չի կարող լինել ԵՄ և ԵԱՏՄ միջև բանակցող:Մենք հայկական հասարակությունում խոսում ենք հայկական ուժի, զորության մասին և հասկանում ենք, որ հայկական ուժը և զորությունը մարդկային ուժն է: 21-րդ դարը լինելու է իրական մարդկային ներուժի, ուժի դարաշրջան:

Հարցին՝ արդյոք Հայաստանը կդառնա՞ կարևոր հարթակ մտքերի գագաթաժողովի համար, «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեն պատասխանեց. «ՀՀ-ում ինչ-որ բան կազմակերպելը մեզ համար հաճելի է, կապված է ձեր մարդկային կապիտալի բարձր որակի հետ: Սա հնարավորություն է տալիս աշխատել արագ և որակյալ: Կա համոզում, եթե մենք կարող ենք ապահովել դրական արդյունք, վերադառնալը մեծ պատիվ կլինի մեզ համար: Մենք հավատացած ենք, որ գագաթնաժողովի երեք օրերի ընթացքում տեղի ունենալիք շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելուն, և նոր, այդ թվում և ներդրումային գաղափարների առաջացմանը, ինչը անհրաժեշտ է նաև Հայաստանին»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը նշեց, որ Հայաստանում տեսնում են  բավականին հետաքրքիր անալոգիաներ, կամուրջի հետ կապված հատկապես այս տարածաշրջանում. «Համոզված եմ, որ ես պիտի այս համաժողովից տանեմ այն դասը, որ Վաշինգտոնում պետք է խոսենք այս տարածաշրջանի կարևորության մասին»:

Նա, նախանշելով ապագա նպատակները, հորդորեց լինել իրատեսական. «Մենք անընդհատ լսում ենք ավելի խորացող մրցակցության  մասին, և կան խոշոր մարմիններ, որոնք ձևավորվել են այդ մրցակցության արդյունքում, ինչը ինձ մտահոգում է: Այստեղ պահանջվում է լուրջ դիվանագիտություն, որը պետք է արվի ոչ թե ԶԼՄ միջոցով, այլ ձևավորվի այնպիսի դիրքորոշում, որը հեշտ ընկալելի լինի նաև մարդկանց համար: Համամիտ եմ այն մտքի հետ, որ փոփոխությունը չի կարող լինել, քանի դեռ այդ փոփոխությունն ինքդ քեզ չես կիրառում»:

Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է դառնալ երկխոսության կենտրոն աշխարհի խոշոր խաղացողների համար, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը պատասխանեց. «Ինչպես նախագահ Սարգսյանը նշեց, Հայաստանն ունի շատ հզոր աշխարհագրական դիրք, ինչպես նաև հարուստ պատմական ժառանգություն, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ-ին կամուրջի դեր խաղալ տարբեր դերակատարների միջև: Պետք չէ թերագնահատել այն հանգամանքը, որ այդ բոլոր խաղացողները՝ ԵՄ-ն, ՌԴ-ն , Չինաստանը, անցնում են շատ լուրջ փոփոխություններով, և այսօրվա բարդությունն այն է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում այդ տարբեր ոլորտներում: Վստահ չեմ, որ ԵՄ-ն հասկանում է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, նույնը վերաբերում է նաև Չինաստանին: Ես տեսնում եմ ինտելեկտուալ խոչընդոտներ, տեսնում եմ վախ ու անվստահություն այս գերտերությունների միջև: Ուստի պնդում եմ մեծ քառյակի գաղափարը: ՀՀ-ն ունի առավելություն, քանի որ բոլոր այդ կողմերի հետ ունի լավ հարաբերություններ և կարող է միջնորդի դեր խաղալ՝ կապելով այդ պետություններն իրար հետ: Պետք է հարգալից և կայուն կերպով վերաբերվել մտքի, կրթության, նորարարության և տուրիզմի ոլորտներին: Եթե դա արվի, ապա ՀՀ-ն կհզորացնի իր կարողությունները Եվրոպայի, ՌԴ-ի, Ասիայի, Չինաստանի միջև կամուրջ լինելու հարցում, և դա բավականին հզոր դիրքեր կապահովի Հայաստանին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930