Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամառային շոգ օրերին գյուղը որոշ տեղերում կանգնել է ու իր իմացածով գերան է կոտրում․ «Վեոլիա ջուր»

Հունիս 08,2019 18:07

Երեկ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակիչները փակել էին՝ զոդման եղանակով, Գառնիից դեպի մարզի հարավային հատվածի բնակավայրերը ձգվող ջրատարի վրայի դիտահորի կափարիչը: Վեոլիա ջուր ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել:

Գյուղացիները դժգոհ են գրաֆիկից: Նրանք գտնում են, որ «այնտեղ» շատ ջուր է հասնում, մինչդեռ իրենք «ընդամենը» ժամը 7.00-15.00 են ջուր ստանում: Ըստ նրանց՝ դա խիստ անարդար է, չէ՞ որ մայրուղային ջրատարը հենց իրենց գյուղի հարևանությամբ է անցնում: Հետևաբար, հենց իրենց է վերապահված առաջինն այդ ջրից օգտվելու իրավունքը՝ շուրջօրյա և ըստ պահանջի: Որից հետո միայն կարելի կլինի «մնացածը» տալ հարևան գյուղերին: Թե որքան կլինի այդ «մնացածը»՝ քաղցրաշենցիներին առանձնապես չի հուզում:

Չի հուզում նման «մանրուքը» նաև խարբերդցիներին, ովքեր գրեթե ամենօրյա ռեժիմով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա՝ Նուբարաշենի խճուղու մոտ դիտահորի փականի բացվածքը «ճշգրտում են»՝ ի օգուտ Նոր Խարբերդի: Ի լրումն 80 լիտր վայրկյանում ջրաքանակի՝ հասանելիքն ավելացնելով 50-60 լիտրով: Նրանց ապօրինության հետևանքով նույնքանով նվազում է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին տրվող ջուրը:

Իսկ «Վեդի Ալկո» ձեռնարկությանը հարակից Բանավանի բնակիչներն իրենց խնդրի լուծումը տեսնում են հարևան Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերն անջուր թողնելու մեջ: ԵՎ նորից նույն՝ դեպի նշված բնակավայրերը ձգվող խողովակաշարի դիտահորի փականի աշխատանքին միջամտելու եղանակով:

Քիչ չեն նման դեպքերը նաև այլ տարածաշրջաններում: Այսպես, Կոտայքի մարզի Արզնի ավանում Վեոլիա Ջուրը ցանկանում էր երկու վթարված և զգալի հոսակորուստների հանգեցնող ջրագծեր ապամոնտաժել: Ընդ որում, սպառողը չէր տուժելու, նրա գրաֆիկն ապահովվելու էր այլ ջրագծերի միջոցով: Սակայն երբ երեկ ընկերության աշխատակիցները գնացին գործ ավարտին հասցնելու, «վտանգի հոտ առած» բնակիչները միահամուռ ոտքի ելան: Ու հերոսաբար հաղթեցին: Առանց հասկանալու, թե ում և ինչու:

Ցավոք, այս ամառային շոգ օրերին գյուղը որոշ տեղերում կանգնել է ու իր իմացածով գերան է կոտրում: Դրանով պայմանավորված, ամենուր չէ, որ Վեոլիա ջրին հաջողվում է օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնել: Ավելին, երբեմն գործը համակարգի աշխատակիցների անվտանգությանն է հասնում, որով պայմանավորված, ընկերությունը խուսափում է իրավիճակի հետագա սրացումից: Անգամ ոստիկանների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատարների ներկայությունը երաշխիք չէ կոնֆլիկտային իրավիճակների հարթմանը:

Հարց է առաջանում, նման պայմաններում արժե՞ արդյոք զարմանալ, եթե այս ամառային օրերին ջրամատակարարման գրաֆիկի ապահովման հարցում որոշ բնակավայրերում առաջանան խնդիրներ:

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930