Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել Արաբկիր վարչական շրջանում

Հունիս 08,2019 15:43

Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը:

«Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

Դեռ այն ժամանակ կառուցապատողը պարտավորվեց սեփական ուժերով վերացնել թերություները: Աշխատանքները սկսվեցին, բայց անավարտ մնացին: Ավելին՝ տնտեսվարողը փորձում էր ընդլայնել իր գործունեությունը մայթի հաշվին: Քաղաքապետարանը ստիպված էր քայլեր ձեռնարկել սեփական միջոցներով:

«Մայթը նեղանում էր նախնական նախագծից ևս 3 մետրով և ինչի՞ համար, որ դիմացի մի քանի տնտեսվարողների համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ: Մենք ստիպված եղանք որոշում կայացնել և սկսեցինք զավթած տարածքը վերադարձնել, ապամոնտաժել երկաթե կոնստրուկցիաները և ազատել մոտ 3 մետր հատվածը, որը շուտով կբարեկարգենք»,-ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Առաջիկայում Երևան համայնքը դատական կարգով կառուցապատողից հետ կգանձի քանդման և բարեկարգման գումարները:

Արտաքնապես երևացող այս խնդիրների կողքին Կոմիտասի 15 շենքում բացահայտվեց ևս մեկ՝ այս անգամ խոշոր խախտում: Նույն կառուցապատողը շենքը սահմանազատող պարսպի ետևում՝ դպրոցի մարզադաշտի տակ, առանց որևէ իրավական հիմքի երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել:

Դպրոցի աշխատակիցները շինարարության ընթացքին հետևել են, նկատել, որ ինչ-որ բան այն չէ, սակայն մանրամասներին չեն տիրապետում:

«Արդեն իսկ նկատելի է, որ մարզադաշտն իր իրական չափերից ավելի փոքր է: Բացի այդ, մեր բակային տարածքն էլ նորակառույց շենքի աշխատակիցների կողմից օգտագործվում է որպես ավտոկայանատեղի»,- պատմում է դպրոցի տնտեսվար Ռոբերտ Աթաբեկյանը:

Օրերս քաղաքապետարանը ոստիկանությունից գրություն ստացավ այն մասին, որ Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ձևակերպված ավարտական ակտի ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս) հարուցվել է քրեական գործ: Մանրամասները կպարզի նախաքննությունը:

«Քանի որ դպրոցը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, նրանք կպատվիրեն չափագրումներ և կհստակեցվի ապօրինի տնօրինվող տարածքների իրական ծավալները: Հետագայում տարածքը կանցնի կոմիտեի հաշվեկշիռ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչպե՞ս կտնօրինվի այն»,-նշում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

«Երկու ձեռքով պատրաստ եմ աջակցել օրինական շինարարություն իրականացնողներին և կառուցապատողներին: Ներդրումների նկատմամբ բաց ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի զարկ տանք, սակայն, միայն օրենքի շրջանակում»,-նկատում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:

Այսօր Արաբկիրում շինարարական ամեն մի աշխատանք առանձին է հսկվում: Բացի այդ, շրջանի աշխատակազմը քայլեր է ձեռնարկում զավթած հանրային այլ տարածքները, հատկապես մայթերը բնակիչներին վերադարձնելու նպատակով:

Հաջորդ հասցեն հենց վարչական շրջանի շենքի հարակից այգին է: Այստեղ խնդիրը փոքր-ինչ այլ է:

«Թվով 10 տարածքներ տրամադրված են տարբեր տնտեսվարողների, և այդ 10 տարածքները գրեթե առանց բացառության չեն համապատասխանում փաստացի զբաղեցրած տարածքների չափերին: Կան անգամ տարածքներ, որ գերազանցում են նախատեսվածը մոտ 8 անգամ: Օրինակ, պայմանագրում նշված է 100-110 քմ, սակայն փաստացի չափագրումը ցույց է տալիս 800-900 մ»,-նշում է Արամ Դանիելյանը:

Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև վերանայել հանգստի գոտիներում վարձակալությամբ տրամադրված տարածքների չափերը: «Հավասար պայմաններ՝ բոլորի համար» սկզբունքով էլ տարածքները կդրվեն վարձակալության թափանցիկ և մրցունակ աճուրդների՝ դրանց շուկայական արժեքներին համապատասխան:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930