Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, վատ էր, երբ գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ուղղություն, իսկ նախարարությունը վերացվեց՝ միացավ էկոնոմիկայի նախարարությանը
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Հայաստանում վերացվել է համակարգային կոռուպցիան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում պնդեց, որ «ոռոգման համակարգը կոռումպացված է»։
Ըստ պատգամավորի, այսօր գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում իրենց խնդիրները լուծել բազմաթիվ պատճառներով․ պատկերավոր ասած, ոռոգվում է երեք հողակտորից մեկը, ենթակառուցվածքները հնացած են, ոռոգման համակարգի ֆինանսական ռեսուրսներն արդյունավետ չեն կառավարվում։
Սերգեյ Բագրատյանի կարծիքով, սխալ է գյուղացուն միայն վարկային ծրագրեր առաջարկելը, վարկային գործակալները պետք է աշխատեն գյուղացու հետ․ «Այսօր գյուղատնտեսությունը թողել ենք ինքնահոսի, վերամշակող ձեռնարկությունները որեւէ հանձնառություն չունեն, մթերող ձեռնարկություններն արտադրողի նկատմամբ խիստ առավելություն ունեն, կարող են ուշացնել մթերումը, գյուղացուն կանգնեցնել փաստի առաջ եւ գյուղացին որ չփչացնի ապրանքը, սպիտված է լինելու ապրանքն ավելի էժան գներով առաջարկել մթերողին»։
Կարդացեք նաև
Բագրատյանի կարծիքով, վատ էր, երբ գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ուղղություն, իսկ նախարարությունը վերացվեց՝ միացավ էկոնոմիկայի նախարարությանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ