Երկրում առկա իրավիճակը համակարգված ձևով բնորոշելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ պետք է խոսել երկու տեսակի ճգնաժամերի մասին:
«Խոսքը կառավարման և բարոյական ճգնաժամերի մասին է: Կառավարման ճգնաժամի ակնհայտ օրինակ են բռնության քարոզները, բռնությունը, որոնք չեն պատժվում: Իրավիճակը նկարագրելու համար ավելի վաղ ժամանակահատված գնանք՝ հիշենք Կաթողիկոսի նկատմամբ իրականացված գործողությունները: Օրինակ են նաև ԵՊՀ ռեկտորի նկատմամբ կատարված բարոյական ամենացածր մակարդակի գործողությունները: Սկսելով այդ երևույթներից՝ կարող ենք դիտարկել արդեն այսօրվա իրավիճակը, երբ, օրինակ, Ազատության հրապարակում հերոսի կերպար ընդունած ինչոր անհայտ էակներ արժեքներ են ոտնահարում ու բռնության կոչեր են անում: Այսօր արդեն կարող է պատահական մեկը հպարտ կեցվածք ընդունելով՝ սպառնալ: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ հայհոյանքները, զազրախոսությունները և լպիրշությունները սոցիալական ցանցերից արդեն իրական կյանք են տեղափոխվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին և անդրադառնալով հերթական հայտարարությանը՝ կապված «սևազգեստ մարդկանց խմբերի հետ», Կարինե Նալչաջյանը նշեց. «Բոլոր դեպքերում, եթե մենք նայում ենք իր գործունեությանը որպես երկրի ղեկավար, ապա թշնամիներ որոնելը, երկակի ստանդարտներով արդարության հետևից գնալը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ: Ունենալով լծակներ՝ մարդը դրանք ի նպաստ պետության ամրապնդման չի օգտագործում: Առհասարակ պետության ղեկավարները ձգտում են իրենց երկրի ներսը հանդարտ ու հանգիստ պահել, որ պառակտումներ չլինեն: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե օրգանիզմը ներսից առողջ չէ, այն չի կարող պայքարել դրսի բազմապիսի բացասական ազդեցությունների դեմ: Հիմա մեր երկրի առաջին դեմքը, փաստորեն, ներքին համախմբվածության ուղղությամբ չէ, որ աշխատում է: Արդարության վերականգնման ուղղությամբ, իհարկե, անելիքներ շատ կան, բայց հիմա ավելի շատ տարանջատման, ներքին իրավիճակը քաոսային դարձնելու գործընթացներ են, և այս պարագայում ղեկավարը պարտավոր է կոնստրուկտիվ աշխատել»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում