Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ․ Խախտվել է գետերի էկոլոգիական հավասարակշռությունը․ «Փաստ»

Հունիս 08,2019 11:59
Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները մեկը մյուսի հետևից հիշեցնում են իրենց մասին: Կապանի փողոցներով հոսում են դեղնադարչնագույն գետակներ, որոնք Կավարտի չգործող հանքի հետևանքն են, Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում, շուտով կհրապարակվեն նաև միջազգային փորձաքննության արդյունքները, Արագած գյուղում բնակիչները բողոքում են, որ ոռոգման աղբյուր հանդիսացող Գեղարոտ գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով ջուրը չի ինքնամաքրվում, այդ ջրով հնարավոր չէ ոռոգել գյուղատնտեսական հողատարածքները:

«Փաստի» հետ զրույցում «ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը նախ անդրադառնում է այն հիմնական վնասներին, որոնք գետերը կրում են ՓՀԷԿ-երի պատճառով: «ՓՀԷԿ-երի (փոքր հիդրոէլեկտրակայան- խմբ.) շահագործումն առաջացրել է մի շարք խնդիրներ: Նախ՝ խախտվել է գետերի էկոլոգիական հավասարակշռությունը՝ բնապահպանական թողքի փոքր լինելու, հաճախ նաև այդ թողքը փոքր ՀԷԿերի կողմից չպահպանելու պատճառով: Շատ դեպքերում ՓՀԷԿ-երը կասկադային են, և գետերի մեծ մասը վերցնում են խողովակի մեջ` գետերի հուները թողնելով գրեթե չոր: ՀՀ կառավարությունը 2018 թվականի սկզբին փոփոխեց բնապահպանական թողքի սահմանման վերաբերյալ 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշումը, որով բնապահպանական թողքի չափաքանակն ավելացվեց: Բայց թե որքանով է պահպանվում բնապահպանական թողքը, դժվար է ասել, քանի որ ՓՀԷԿ-երում չկա տեղադրված առցանց վերահսկողական համակարգ, որի միջոցով դրանց աշխատանքը և էկոլոգիական թողքը կվերահսկի լիազոր մարմինը: ՓՀԷԿերի շահագործման հետևանքով առաջացած մյուս խնդիրը գետային ձկնաշխարհի կորուստն է, որը պայմանավորված է բնապահպանական փոքր թողքով, դրա չպահպանմամբ, ձկնանցարանների ֆունկցիոնալ նշանակություն չունենալով և դրանց մուտքերի փակմամբ, որպեսզի ջուրն ուղղվի ՓՀԷԿ-ի խողովակաշար, ձկնապաշտպան ցանցերի բացակայությամբ, ինչի հետևանքով մանրաձուկը հայտնվում է խողովակաշարում և ոչնչանում ՓՀԷԿ-ի կայանում», – ասում է Բուռնազյանը՝ շեշտելով, որ բացի սրանից, կան ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում, ջրագոյացնող` մայր աղբյուրների վրա, որոնք խախտում են ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման, այնպես էլ ջրաբանական ռեժիմները:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930