Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, ահա, եկել է մտքի դարը. Նիկոլ Փաշինյանը՝ «Մտքերի գագաթնաժողովին»

Հունիս 08,2019 11:49

Քիչ առաջ Դիլիջանում մեկնարկեց ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողովը», որը Հայաստանում ստացել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը: Հայաստան են ժամանել հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոններ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր:

Դիլիջանում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպեն, Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսը: Այստեղ են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, պատգամավորներ և այլք: Ողջույնի խոսքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հույս ունի գագաթաժողովը կդառնա ամենամյա իրողություն. «Եվրոպայում անորոշություն կա, անորոշություն կա Բրեքսիթի վերաբերյալ, ԱՄՆ-ում ևս, Միջին արևելքում ևս, անորոշություն կա շատ վայրերում է: Այդ տեսանկյունից այս գագաթաժողովը բանականության մի փոքր տապանի պես է՝ Նոյի տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ մի քանի հարյուր հոգի հավաքվում են և սկսում քննարկել, թե ինչպես փրկել աշխարհը:Կարևոր է, որ մենք սկսենք լսել և ունկնդրել աշխարհի ասածը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսում հիշեց հին հնդկական ասացվածքն այն մասին,  թե ինչն է աստղերից ավելի շատ և հայտարարեց՝ միտքն է: Այնուհետև հայտարարեց. «Ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը, մտքերը, որ ծնվում են մարդու գլխում, դրանք ավելի շատ են, քան աստղերը երկնքում: Միտքը այն ամենակարևոր շրջադարձային երևույթն է, որ ստեղծել է մեր իրականությունը: Ամբողջ քաղաքակրթությունը հիմնված է մարդկային մտքի վրա: Ամենամեծ ներդրումներն արվում են մարդկային մտքի կողմից, տնտեսական շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակի կապ ունեն մարդկային մտքի հետ»:

ՀՀ վարչապետը հայտարարեց՝ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն ավելի մեծ չափաբաժին ունի և եզրափակեց. «Մենք հավատում ենք, որ 21-րդ դարը հայ ժողովրդի դարն է լինելու: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, ահա եկել է մտքի դարը, և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և մեր հիմնական անելիքը բնորոշված է: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը ինքնադրսևորվելու, իրացվելու հնարավորություն ունենա»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ «Մտքերի գագաթնաժողովը» կդառնա բրենդ, որն առնչվում է սքանչելի բանական քննարկումների հետ: Նա նշեց, որ բոլոր քննարկումները հիմնականում վերաբերում են անորոշ ապագային, ապագայի անորոշությանը ու հայտնեց. «Այս գագաթաժողովը կանդրադառնա այդ անորոշության տարբեր ասպեկտներին, քանի որ քաղաքականություն որոշողների համար այս անորոշությունը հասկանալն ու ըմբռնելը կարևոր նշանակություն ունի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930