Բոլորս հիշում ենք, որ Քառօրյա պատերազմին հաջորդած օրերին նման քննություն, թեեւ ոչ առանձին հանձնաժողովի ստեղծմամբ, կատարվեց ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, որին հաջորդեցին ոչ քիչ թվով հրամանատարների եւ ենթասպաների պաշտոնազրկումներ, մեր բանակի սպառազինության բարելավմանը ուղղված քայլեր, թեկուզ անբավարար:
Հետեւաբար, երեք տարի հետո նույն կամ նման «դոսիյեի» բացումը, դարձյալ իմ տպավորությամբ, անբաղձալիներին պաշտոնազրկելու եւ պատժելու, ինչպես նաեւ Հայոց բանակի սպաներին սաստելու նպատակ է հետապնդում: Անշուշտ, միշտ էլ կարելի է վերաբացել կարեւոր դեպքերի ու մանավանդ ռազմական իրադարձությունների թղթածրարները, սակայն դատելով հանձնաժողովի ստեղծման ցուցադրական-հրապարակայնացման ներկա գործելաձեւից, այդ քննությունը չի կարող լուրջ լինել, մանավանդ որ, լուրջ լինելու դեպքում հատուկ հանձնաժողովի եզրակացությունները չեն կարող ենթակա լինել հրապարակայնացմանՙ ռազմական-պետական գաղտնիքներ չբացահայտելու նկատառումներով:
Վերեւում շարադրվածին հավելյալ հիմնավորումը կարելի է գտնել լրագրողների հետ վարչապետի նույն զրույցում արտահայտած կցկտուր մի քանի մտքերը՝ բանակցային գործընթացների մանրամասներից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեղյակ չլինելու եւ միայն իր միջոցով բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթացած լինելու մասին: Այդ պնդումներից կարելի է հետեւցնել, որ Արցախի իշխանությունները ՀՀ նախկին իշխանության կողմից փաստորեն արհամարհված եւ անտեսված են եղել: Նույնիսկ նախագահ Բակո Սահակյանը, որի «պարընկերը», ինչպես բնութագրում է վարչապետը Սերժ Սարգսյանին, նրան անտեղյակ է պահել բանակցային գործընթացներից: Անհավատալի՞ է, անշուշտ: Բայց վարչապետը դրանով չի բավարարվում: Նա փաստորեն, առանց անունը նշելու, անտեղյակության մեջ մեղադրում է Բակո Սահակյանին, որ անգամ իր քթի տակ չի նկատում, թե հենց Արցախում ովքե՞ր են ուզում դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել ու հողեր հանձնել, ապա այդ հանձնումը վերագրել ՀՀ իշխանություններին: Ամենավառ երեւակայության մեջ անգամ չտեղավորվող այս պնդումը կարող է հուշել, որ այժմվանից փորձ է կատարվում հետագա, Աստված մի՛ արասցե, պարտությունների համար «քավության նոխազ» գտնելու…
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում