Ե՞րբ է Քոչարյանը նորից նստելու, բացահայտվե՞լ են արդյոք թալանի նոր խոշոր դեպքեր, ո՞ւմ են «փռել ասֆալտին», ինչպիսի՞ դավադիրներ են բուն դրել Հայաստանում եւ Արցախում, ինչո՞ւ են գործից հանել այսինչ պաշտոնյային եւ արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան ժամանակին պայքարել է «նախորդ ռեժիմի» դեմ, ինչպե՞ս է այսինչը բառերով «սատկացրել» այնինչին եւ ինչպես է այնինչը «աբառոտկա ֆռացել»:
Ահա այն օրակարգը, որով Հայաստանում ապրում են Ֆեյսբուքում եւ կայքերում «նստած» հազարավոր մարդիկ: Շատերի մոտ դա վերածվել է կախվածության, որն առանձնապես չի տարբերվում թմրամոլությունից, ծխամոլությունից, ալկոհոլիզմից կամ, ասենք, ժամերով պոռնոգրաֆիա նայելուց: Մարդիկ չեն կարողանում շփվել հարազատների հետ, անգամ չեն կարողանում նորմալ սնվել, քանի որ վախենում են գեթ մի պահ կտրվել «կարեւոր քաղաքական» իրադարձություններից:
Այդպես է, իհարկե, ոչ միայն Հայաստանում: Պարզապես միջին հայաստանցին տարբերվում է, ասենք, միջին ամերիկացուց նրանով, որ վերջինս «սպառում է» ոչ թե «քաղաքականություն», այլ, ենթադրենք, բեյսբոլ եւ ապրում է ոչ թե խորհրդարանի պատգամավորների, այլ բեյսբոլի «փիթչերների» կյանքով: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց բեյսբոլից կախվածությունն ինձ փոքր-ինչ ավելի առողջ է թվում. ամերիկացիներն ավելի պրագմատիկ են եւ չեն հավատում քաղաքականության, խորհրդարանների կամ կառավարությունների «կենարար ուժին»:
Բայց համակարգիչներից դուրս ընթանում է այլ կյանք թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս: Այդ իրականության կրողներն են մարդիկ, որոնք ոչ թե սպառում են, այլ փորձում են ինչ-որ բան ստեղծել, նրանց ուղեղները հնարավոր չէ լվանալ, որովհետեւ լվացվում է այն, ինչ անշարժ է, իսկ իմ նշած մարդիկ ապրում են՝ իրենց ուղեղը շարժելով: Երբեմն այդ «ուղեղ եւ միտք շարժող» մարդիկ հավաքվում են իրար գլխի՝ ոչ թե իրար «սատկացնելու», այլ իրար հետ գաղափարներ կիսելու եւ դրանով իրար հարստացնելու նպատակով: Եվ շատ լավ է, որ նման հավաքներ տեղի են ունենում նաեւ մեր երկրում:
Կարդացեք նաև
Այսօր «Մտքերի համաժողովը» (Summit of minds) գումարվելու է Դիլիջանում: Ի դեպ, դա առաջին անգամն է, երբ այդ տեսակի հանդիպումը տեղի է ունենում Ֆրանսիայից դուրս: Հավաքվելու են մարդիկ, որոնք կա՛մ իրենք են աշխարհի մասշտաբով կարեւոր որոշումներ ընդունում (հատկապես բիզնեսի ոլորտում), կա՛մ իրենց հայացքներով եւ մոտեցումներով ազդում են որոշում ընդունողների վրա (հատկապես քաղաքականության մեջ):
Սենսացիոն բացահայտումներ, կարծես թե, չեն սպասվում, բայց այդ մարդկանց արժե լսել, նրանց փորձը կարեւոր է, եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մաս դառնա քաղաքակիրթ աշխարհում տեղի ունեցող գործընթացների: Երբեմն արժե կտրվել տեղական (եւ, ի դեպ, տարիներով կրկնվող) օրակարգից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գուցէ հետաքրքրական է լսել նաև կարծիքը այն սփիւռքահայերուն /ինձ նման/ որ չպատկանելով հանդերձ
՛՛ոսկի ուղեղ՛՛ ունեցող այն բախտաւորներուն, չզանազանելով հանդերձ այն բոլոր ՛՛հեղինակաւոր՛՛ անունները որ այս օրերուն գրաւած են ՛՛մետիաները՛՛ , չիմանալով հանդերձ Հայաստանի անթիւ և օրէ օր բազմացող ՛՛կուսակցութիւններու՛՛ ,յուսադրող գաղափարախօսութիւնը,՛՛ Լուսաւոր-բարգաւաճ-միացեալ …ևայլն շողշողուն տիտղոսներով – բայց տարիներէ իվեր հետեւած ըլլալով Մեր Հայրենիքի ճակատագրով ՄԷԿ ԲԱՆ կը նկատեն որ – այս օրերուն միլիառներ կը խաղան ամէն գնով ԿԱՍԵՑՆԵԼՈՒ – ԱՌԱՋՔԸ ԱՌՆԵԼՈՒ – և ԽԱՓԱՆԵԼՈՒ Փաշինեանի և իր համակիրներուն բերած
՛՛Յեղափոխութիւնը՛՛որ կը փորձէ պայքարիլ քառորդ դար տեւող Հայաստանի կողոպուտին և կաշառակերութեան
՛՛սիստեմին ՛՛ ;