Այս օրերին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թեկնածուները մասնակցում են քարոզարշավի: Նրանք ելույթ են ունենում կուսակիցների առաջ՝ ներկայացնելով կուսակցության զարգացման, գործունեության իրենց տեսլականը: Հունիսի 15-ին ՔՊ-ն կանցկացնի արտահերթ համագումար, որի ընթացքում տեղի կունենան վարչության ընտրություններ:
«Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամի թեկնածու Արփի Դավոյանից հետաքրքրվեց ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, արդյոք լարվածությունը կուսակցականների միջեւ չի՞ աճել՝ մրցակցությամբ պայմանավորված, Արփի Դավոյանը պատասխանեց. «Կուսակցության քարոզարշավը շարունակում է ընթանալ սովորականի պես: Մի քանի օր է մնացել եւ մի շարք թեկնածուներ, որոնք ելույթ չեն ունեցել. ես ինքս էլ դեռ ելույթ չեմ ունեցել: Ելույթ եմ ունենալու հունիսի 10-ին: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Որեւէ նորություն, զամանալի բան դեռ տեղի չի ունեցել եւ կարծում եմ՝ չի ունենա»:
Արփի Դավոյանը վստահեցրեց՝ ընտրությունների արդյունքները կլինեն այնպիսին, ինչպես կորոշեն պատվիրակները: Այնուհետեւ ասաց. «ՔՊ վարչության ընտրությունները միշտ էլ անկանխատեսելի են լինում, եւ նախօրոք կարծել, թե կընթանան այսպես կամ այնպես, ճիշտ չէ, քանի որ միշտ լինում է այնպես, ինչպես քվեարկում են»:
Հարցին՝ տարբեր շահարկումներ կան, որ ՔՊ-ականներն իրար դեմ են աշխատում, արդյոք ՔՊ վարչության անդամի թեկնածուն ինքն իր մաշկի վրա զգացե՞լ է, Արփի Դավոյանը պատասխանեց. «Իհարկե, չեն փոխվել մեր հարաբերությունները: Եթե կա ընտրություն, կամ մրցակցություն, դա անվիճարկելի փաստ է, սակայն մրցակցությունն ընթանում է առողջ ընկերական մթնոլորտում, հիմնականում բոլորը ճանաչում են թեկնածուներին, ունեն իրենց վերաբերմունքը, ելույթներն են լսում եւ նորից կարծիքներ ձեւավորում: Ընթանում է հետաքրքիր, առողջ մրցակցային մթնոլորտում»:
Կարդացեք նաև
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.06.2019