Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեւորված են, նաեւ` տարակուսած, բայց հույս ունեն

Հունիս 08,2019 15:30

«Նախկինում, երբ կար Սփյուռքի նախարարություն, կարող եմ ասել, որ սերտ կապ կար նախարարության աշխատակազմի եւ սփյուռքահայ համայնքների միջեւ, տարբեր տեղեկությունների փոխանակումներ կային` տարբեր երկրներից, հայկական համայնքներից, ինչը շատ կարեւոր է: Այսօր արդեն այդ ինֆորմացիոն փոխանակումը չկա ու չգիտենք, թե ինչպե՞ս է ապահովվելու»,- «Առավոտի» զրուցակիցն է Լեհաստանի հայկական երիտասարդական միության նախագահ Բաբկեն Խանզադյանը:

– ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ կատարած առաջին այցից հետո հայտարարեց, որ հարյուր ընտանիք պատրաստ են բնակարանները վաճառել եւ վերադառնալ Հայաստան: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ վերջերս հայտարարեց, որ 20 հազար ընտանիք է ներգաղթել Հայաստան` անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Անընդհատ խոսվում է նաեւ, որ ներդրումային առումով Հայաստանն արդեն հետաքրքրություններ է ներկայացնում: Ինչպե՞ս եք վերաբերվում մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրողություններին, Լեհաստանի հայ համայնքի շրջանակներում կա՞ն հայրենիքի նկատմամբ հետաքրքրություններ, ենթադրյալ ներգաղթյալների թվում կա՞ն Լեհաստանում բնակվող մեր հայրենակիցներից:

– Ասեմ, որ շատ դրական եմ վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Շուկայի, այսպես ասած, բացումը, միանգամից զգացվեց: Ես ունեմ տեղեկություններ, որ Լեհաստանում բնակվող շատ հայեր, նաեւ մեր լեհ ընկերներից, ցանկանում են մեծ ներդրումներ անել Հայաստանում: Մեկ տարի է անցել այդ փոփոխություններից եւ ես տեղյակ եմ, որ Հայաստանի տարբեր մարզերում Լեհաստանում բնակվող շատ հայեր արդեն իսկ ներդրումներ արել են: Լինելով փաստաբան, համագործակցում եմ Լեհաստանում հայկական, լեհական, լեհ-հայկական տարբեր կազմակերպությունների հետ, գիտեմ, որ առաջիկայում էլ կա մեծ հնարավորություն՝ Լեհաստանից Հայաստան ներդրումներ բերելու համար: Գիտեմ նաեւ, որ Լեհաստանում բնակվող շատ հայեր արդեն տեղափոխվել են Հայաստան` բնակության նպատակով, քանի որ նաեւ ներդրումներ են արել Հայաստանում: Հստակ թվեր նշել չեմ կարող այս պահին, բայց կան նման հնարավորություններ, քանի որ Հայաստանում աշխատուժն էժան է եւ պետությունն էլ հավասար հնարավորություններ ապահովելու է: Շատ էական հանգամանք է նաեւ այն, որ Հայաստանն ապահով պետություն է եւ ներդրված գումարները ռիսկերի չեն ենթարկվելու:

– Բիզնեսի, ներդրումների համար էական պայման է նաեւ անկախ եւ օբյեկտիվ դատաիրավական համակարգը: Վերջերս այդ մասով Հայաստանում ուշագրավ զարգացւմներ եղան. վարչապետը հանրությանը կոչ արեց` փակել դատարանների ելքերն ու մուտքերը, հիմա էլ խոսվում է անցումային արդարադատության, վեթթինգի մասին: Իբրեւ նաեւ իրավաբան, ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին, մանավանդ, գնահատականներ եղան, որ այդպիսով իշխանության մի ճյուղը` գործադիր մարմինը, փորձում է վերահսկողություն սահմանել մյուս ճյուղի` դատաիրավական համակարգի վրա:

– Հեղափոխության հաջորդիվ քայլերով պետք է հասնել դատաիրավական համակարգի բարեփոխման եւ անկախության: Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ նախկին համակարգն ու ղեկավարությունն իրենց հնազանդ համակարգեր էին ստեղծել: Մենք, իբրեւ քաղաքացիներ, դա պետք է հասկանանք եւ նորմալ վերաբերվենք ամենին: Երբ տեսնում ենք, որ արդարադատությունը ճիշտ չի գործում, կատարվում է այն, ինչ կատարվեց Հայաստանում: Դա նորմալ է: Նորմալ է, որ կառավարությունում էլ տրամադրություններ կան տարբեր գերատեսչությունների ղեկավարների փոխելու, քանի որ այդ քայլերը միտված են արդարադատությունը ոտքի կանգնեցնելուն: Իհարկե, Սփյուռքում գտնվողներս չէինք ցանկանա, որ այս ամենի արդյունքում ստեղծվեր մեկ այլ համակարգ` այսօրվա իշխանությանը հնազանդ. մեծ հույսով եւ հավատով ենք, որ այդպես չի լինի: Մենք, իբրեւ քաղաքացիներ, պետք է շատ ուշադիր լինենք, որ ներկայիս կառավարությունն իր նպատակների համար այդ ամենը չօգտագործի: Վերահսկողության միակ տարբերակը սա է, այլ տարբերակ չկա:

Լեհաստանում բնակվում եմ արդեն 25 տարի, մանրամասն նաեւ ուսումնասիրել եմ իրենց փորձը, վերջին 27-28 տարիների ընթացքում Լեհաստանում 3-4 անգամ տարբեր ռեֆորմներ են կիրառվել` նախկին դատաիրավական համակարգը մաքրելու համար:

– Հայաստանում կառավարության կառուցվածքի փոփոխություններ տեղի ունեցան, ինչի արդյունքում Սփյուռքի նախարարությունը վերացվեց: Այժմ գործելու է հանձնակատար` Սփյուռքի հարցերով, 20-25 աշխատողով: Պատճառաբանվեց, որ այդ նախարարության գործունեությունն անարդյունավետ էր եւ հանձնակատարն ի զորու է զբաղվել Սփյուռքի հետ կապված բոլոր հարցերով: Միաժամանակ քննադատվեց այդ նախաձեռնությունը: Քննադատության հեղինակները նախարարության գոյությունը պայմանավորում էին Սփյուռքի բազմաշերտ եւ բազմազան լինելով եւ փաստարկ էր բերվում, որ մեկ հանձնակատարը բոլորի հետ չի կարող լավ աշխատել: Նաեւ՝ քաղաքական նպատակահարմարությունն էր փաստարկ բերվում: Ի վերջո, իբրեւ սփյուռքահայ, այդ նախարարության գոյությունը, Ձեր կարծիքով, պե՞տք էր, պետք չէ՞ր, օգնո՞ւմ էր, խանգարո՞ւմ էր, կորցրեցի՞նք, թե՞ կշահենք:

– Նախկինում, երբ կար Սփյուռքի նախարարություն, կարող եմ ասել, որ սերտ կապ կար նախարարության աշխատակազմի եւ սփյուռքահայ համայնքների միջեւ, տարբեր տեղեկությունների փոխանակումներ կային` տարբեր երկրներից, հայկական համայնքներից, ինչը շատ կարեւոր է: Այսօր արդեն այդ ինֆորմացիոն փոխանակումը չկա ու չգիտենք, թե ինչպե՞ս է ապահովվելու: Բայց այն, ինչը որ կար, արդեն ստեղծված եւ գործող մեխանիզմ էր, ափսոս է ամբողջական վերացնել: Կարծում եմ՝ պետք է ինչ-որ տարբերակ գտնել եւ պահպանել դա: Նաեւ այն մարդկանց, ովքեր որ աշխատում էին: Մարդը, այն էլ կապեր եւ ինֆորմացիա կրող մարդը, մեր ամենամեծ զենքն ու կապիտալն է, դա պետք է օգտագործել:

– Մի փոքր լեհահայ համայնքի խնդիրներից պատմեք. հայերը Լեհաստանում արդեն 650 տարի են ապրում, բայց կա, պայմանական ասած` հին` ավանդական սփյուռք, նոր սփյուռք` պայմանավորված 1990-ականների արտագաղթով, հարաբերություններն ինչպիսի՞ն են հայկական համայնքների միջեւ, շփումներ կա՞ն, ի՞նչ խնդիրներ կան:

– Հայ համայնքը Լեհաստանում ձեւավորվել է ավելի վաղ, 650-ամյակը պայմանավորված է Լեհաստանի թագավորի կողմից Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությամբ: Նախկինում, ինչ ներդրումներ որ ունեցել են մեր հայրենակիցները, կարելի է ասել, շատ դրական հիմք է համայնքի զարգացման համար: Հայերին Լեհաստանում շատ են սիրում, լավ են վերաբերվում, նաեւ քրիստոնեական կրոնն է միավորում: Իհարկե, ձեր նշած հին եւ նոր համայնքների միջեւ լինում են խնդիրներ, թերհասկացություններ, բայց դրանք առօրյա են եւ ամենը ժամանակի հարց է: Նոր համայնքը, կարելի է ասել, շատ արագ եւ շատ կուռ ձեւավորվում է: Բոլոր տվյալները Սփյուռքի նախարարությունում կենտրոնացված են:

Ես իբրեւ նաեւ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորհրդի նախագահ, գտնում եմ, որ շատ կարեւոր է, որ տարբեր երկրներում եւ քաղաքներում համայնքները կենտրոնանան եկեղեցու շուրջ: Դարերի պատմությունը ցույց է տվել, որ մեր հիմքը եղել է եկեղեցին:

– Լեհաստանում, օրինակ, Առաքելական եկեղեցիներ չունենք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ համախմբումը:

– Այո, բայց արդեն մոտ չորս տարի ունենք Առաջնորդարան` Վարշավայի կենտրոնական մասում: Եկեղեցի կառուցելու համար հողամաս տրամադրելու հարցով դիմել ենք: Հարցն ընթացքի մեջ է, կարծում եմ՝ արագ կլուծվեն այդ հարցերը: Մնում է` լավ կազմակերպվել եւ երիտասարդներին համախմբել մեր շուրջ:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Վարշավա-Երեւան

«Առավոտ» օրաթերթ,

07.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930