Ճարտարագետը պնդում է՝ իր եւ իր ընտանիքի անդամների հանդեպ խտրական վերաբերմունք է դրսեւորվում
Մեծամորի ատոմակայանում որոշ աշխատակիցների աշխատանքային իրավունքները ոտնահարվում են, ՀԱԷԿ-ի ղեկավարությունը նրանց հանդեպ խտրական է վերաբերվում: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում պնդում է ՀԱԿԷ-ի տուրբինային արտադրամասի առաջատար ճարտարագետ Աշոտ Ջենտերեջյանը:
Նրա պատմելով՝ այս ամենը սկսվել է դեռեւս 2016 թվականից եւ մինչ օրս, որքան էլ նամակներ է գրում վարչապետին կամ ՄԻՊ գրասենյակ, արդյունքի չի հասնում: Ջենտերեջյանը պնդում է՝ ՀԱԷԿ-ի որոշ պաշտոնյաներ իր ընտանիքի հանդեպ հատուկ բացասական վերաբերմունք ունեն եւ անգամ անտեսում են իրենց մասնագիտական կարողությունները:
«2016 թվականին, երբ էներգետիկայի նախարարը Երվանդ Զախարյանն էր, ատոմակայանի տնօրենը ՝ Մովսես Վարդանյանը, մորս՝ Նադյա Ղահրամանյանին կանչեց իր մոտ ու ասաց՝ որ տիկին Նադյա, նախարարը հրաման է տվել, որ ձեզ պետք է աշխատանքից ազատեմ, բայց խոսք եմ տալիս, որ 3 ամիս հետո աշխատանքի կընդունեմ: Մայրս էլ դիմումը գրեց: Մենք՝ ես ու եղբայրս, վրդովվեցինք, նամակ գրեցինք այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, նա նամակը մակագրեց Զախարյանին: Վերջինս էլ մորս հրավիրեց իր մոտ, ասաց, որ ինքը նման հրաման չի տվել, անգամ տեղյակ չէր, որ տնօրենը նման բան է արել, հետո այլ աշխատանք առաջարկեց, մենք չհամաձայնվեցինք: Նորից նամակ գրեցինք նախագահին, նորից Զախարյանին մակագրեց, Զախարյանն էլ մամային կանչեց ու խոստացավ, որ նորից աշխատանքի կընդունի: Հետո ՄԱԳԱՏԷ-ի պահանջով նոր բաժին բացվեց՝ աշխատանքի անվտանգության ապահովման բաժինը, որտեղ մայրս ընդունվեց աշխատանքի ու աշխատել է որպես առաջատար ինժեներ»,-պատմեց Ջենտերեջյանը:
Նրա վստահեցրեց, որ այդ բաժնում մորն ընդունել են աշխատանքի, բայց ժամանակավոր պայմանագիր են կնքել՝ մեկ տարով, սակայն մայրը դեռ կենսաթոշակառուի տարիքի չէր. «Մայրս քննությունները հանձնել էր, ՀԱԷԿ-ում 42 տարվա աշխատանքային փորձ ունի, նրան պետք է հաստատուն հաստիքով ընդունեին, այս մասին հավաստիացել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Անցած տարվանից սկսեցին մորս անհանգստացնել, թե պայմանագիրն ուզում են խզել ժամանակից շուտ: Բաժնի ղեկավարը հատուկ բացասական ու միտումնավոր բաներ էր անում մորս հանդեպ, ասենք՝ փաստաթղթերը կարող էր նետել մորս վրա: Մենք հասկացանք, որ դիտավորյալ է անում, որպեսզի մայրս հիասթափվի ու դուրս գա գործից»:
Աշոտ Ջենտերեջյանի պատմելով՝ երբ մոր առջեւ դիմում գրելու պահանջ էին դրել, ատոմակայանի ղեկավարությունը իր եւ եղբոր նկատմամբ, որը եւս ՀԱԷԿ-ում էր աշխատում, «հատուկ» վերաբերմունք սկսեցին ցուցաբերել. «Տարեկան բժշկական զննում անցավ եղբայրս, ասել էին, թե իբրեւ լյարդի վրա ուռուցք կա, գնա հեռացրու՝ նոր կթողնենք աշխատես: Հետո եղբայրս Մերգելյանում զննում անցավ, բժիշկը եզրակացություն տվեց՝ հեմատոմա է, բուժման կամ վիրահատության ենթակա չէ, ուղղակի ամեն տարի պետք է հետազոտվի: Եղբայրս էլ սկսում է պայքարել իր իրավունքների համար, որ աշխատանքից չազատեն, ու սկսում են մեր ընտանիքի հետ լարված հարաբերությունները»:
Անցած տարի այս ամենի մասին Ջենտերեջյանը նամակ է գրել վարչապետ Փաշինյանին, խնդրով սկսել է զբաղվել էներգետիկայի այն ժամանակվա նախարարը, հետո ՀԱԷԿ-ի տնօրենը եղբայրներին հրավիրել է իր մոտ, խոստացել եղբորը՝ Կարեն Ջենտերեջյանին այլ աշխատանքի տեղավորել, վերջինս չի համաձայնվել, իսկ Աշոտ Ջենտերեջյանին էլ խոստանում է՝ հերթափոխի պետի համար նախատեսված քննությունը կհանձնես, ամեն ինչ լավ կլինի. «Մորս էլ ասում է, որ պայմանագիրը մեկ տարով կերկարացնի, ու ասացին՝ թուղթ ստորագրի, որ համաձայն ես 2019 հունիսի 1-ին ազատվել աշխատանքից: Այդ ժամանակ համաձայնվեցինք: Բայց խոստումը տնօրենը չկատարեց, մենք նորից վարչապետին նամակ գրեցինք: Մամայի համար պատճառաբանում են, թե արդեն թոշակի անցնելու տարիքն է: Բայց ատոմակայանում կան տարիքով ավելի մեծ աշխատակիցներ, մայրս 1954 թվականին է ծնվել, այնտեղ աշխատողներ կան, որոնք 1947-48 թվականներին են ծնվել: Ասացի, եթե թոշակառու տարիքն եք մեջբերում, ուրեմն սկսեք ավելի բարձր տարիքից, ու երբ մորս հերթը կհասնի, նոր ազատեք գործից: Ասացին՝ էդպես չի լինի: Իմ դեպքում էլ խոչընդոտում են պաշտոնի բարձրացման քննություն հանձնեմ, ես 21 տարի է աշխատում եմ, 3 տարի է այդ քննության համար գրաֆիկ է կազմված, որտեղ ավագ մասնագետներն առաջինն իմ անունն են ընդգրկել, որպեսզի քննություն տամ: Հիմա մերժում են, ու ինձանից ավելի ուշ աշխատանքի ընդունվածները հանձնում են քննությունը: Փորձում են պատճառաբանել, թե ես արժանի չեմ այդ պաշտոնին, իսկ ես կարող եմ հակառակն ապացուցել, թող գան ստուգեն: Երբ ասում եմ՝ եթե արժանի չեմ, ինչու եք էդ ցանկում իմ անունը ներառել, ու հենց առաջիններում, ասում են՝ դե ուղղակի փաստաթուղթ է: Բայց ՀԱԷԿ-ում ուղղակի փաստաթուղթ չի լինում, սա ռազմավարական օբյեկտ է, այնպիսի միջավայր չէ, որ հենց այնպես, ուղղակի որեւէ փաստաթուղթ կազմվի: Մինչ ինձ հերթ հասնելը, նույն կերպ մեկ այլ աշխատակցի հանդեպ են վարվել, գիտությունների թեկնածու է: Իսկ մայրս էլ այդ բաժնում շատ պարտաճանաչ աշխատող է եղել, միշտ գործի մեծ մասն ինքն է արել, թող մի անկախ խումբ ատեստացիա անցկացնի ու կտեսնի՝ էդ բաժնի պե՞տն է վատ աշխատողը, թե՝ մյուսները: Մայրս ՀԱԷԿ-ից արծաթե մեդալ է ստացել, շնորհակալագիր, էդ ինչպես ստացվեց, որ հիմա արժանի չէ աշխատել»,-պատմեց Աշոտ Ջենտերեջյանը:
Այս առնչությամբ ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանն «Առավոտ»-ին պարզաբանեց՝ Աշոտ Ջենտերեջյանի համապատասխան քննության հետ ինքը կապ չունի, դրա համար կա հանձնաժողով, գլխավոր ինժեներ, նրանք են որոշում կայացնում: Ինչ վերաբերում է մոր՝ Նադյա Ղահրամանյանին, ապա տնօրենն ասաց. «Թոշակառու է, պետք է գնա՝ իր դիմումի համաձայն: Տարեկան 60-70 թոշակառուի ազատում ենք, այս տարի՝ 40 հոգի գնացել է թոշակի: 350 թոշակառու ունենք, բոլորին միանգամից հո չենք կարող ազատել, կկանգնի ատոմակայանը, բա երիտասարդներին ո՞նց աշխատանք տանք: Ճիշտն ասած, այդ կինը մի քիչ հիվանդ է, իրեն չի էլ կարելի աշխատել»:
Աշոտ Ջենտերեջյանն իր մասնագիտությամբ ՌԴ-ում արդեն նոր աշխատանքի հրավեր է ստացել, շուտով պատրաստվում է մեկնել, բայց մինչ այդ փորձում է մոր աշխատանքային իրավունքները վերականգնել. Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, ՄԻՊ գրասենյակ նամակներ է գրել, առայժմ դատական կարգով չի ուզում խնդրին լուծում տալ, սպասում է նշված պաշտոնյաների արձագանքին:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.06.2019