Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա էր: Թատրոնի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայացվեց Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմականացված տարբերակը (օգտագործված է լուսային-էկրանային համակարգ, անհրաժեշտ ռեկվիզիտ ու որոշակի միզանսցեն, կերպարային զգեստներ…):
Հատկանշական է, որ Ռոսսինիի 37 օպերաներից «Ճանապարհորդություն դեպի Ռեյմսը», որը գրվել է Ֆրանսիայի թագավոր Չարլզ X-ի թագադրման կապակցությամբ, մեկ անգամ է դասական ռեժիսուրայով բեմադրվել Փարիզում, 1825թ., բայց հաջողություն չի ունեցել հանրության շրջանում: Այս առիթով պատմությունը «ասում» է, որ նեղսրտած Ռոսսինին օպերայի պարտիտուրը վերցնում է թատրոնից ու հեռանում: Ըստ էության, օպերան մոռացության է մատնվում եւ «հայտնվում» միայն 1977թ. «Ռոսսինիի հասարակություն» աջակիցների շնորհիվ: Առաջին անգամ բեմադրվում է 1984թ., Պեզարոյում, Ռոսսինիի փառատոնի շրջանակներում, Կլաուդիո Աբբադոյի ղեկավարությամբ, Լուկի Ռոնկոնիի ռեժիսուրայով: Հետո արդեն սկսվում է «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» «քայլերթը» աշխարհի տարբեր թատրոններում, ընդ որում՝ ժամանակակից ռեժիսուրայով: Վերջինիս ականատեսը եղանք նաեւ Երեւանի թատրոնում: Բեմականացումը որպես դիրիժոր եւ ռեժիսոր իրականացրել է Մկրտիչ Բաբաջանյանը, որը մեր արվեստասեր հանրությանը հայտնի է որպես օպերային երգիչ: Լայն լսարանին տեղեկացնենք, որ նա 1999թ. ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում: Ի դեպ, Երեւանի կոնսերվատորիան որպես դիրիժոր ավարտել է պրոֆեսոր Էմին Խաչատուրյանի դասարանը, որպես վոկալիստ՝ Արաքս Դավթյանի: 2000-ականներից նրան պարբերաբար հանդիպում ենք Երեւանում, նա հանդես է եկել որպես մեներգիչ ե՛ւ օպերային թատրոնում, ե՛ւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային նախագծերում:
«Ճանապարհորդություն դեպի Ռեյմսի» պրեմիերայից հետո որոշ մտահոգ հանդիսատեսներ սոցցանցերում հանդես եկան գրառումներով, թե ինչո՞ւ է հանկարծ երգիչը «ուղղությունը» փոխել դեպի դիրիժորություն: Փաստենք, որ Մկրտիչ Բաբաջանյանը մեկ անգամ 1997թ. կանգնել է օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ ու ղեկավարել Լեոնկավալոյի «Պայացները»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերային, ասենք, որ այս մեծակտավ ստեղծագործությունը համաշխարհային օպերային գրականության մեջ եզակիներից է կամ գուցե եզակին, որտեղ ընդգրկված է 18 մեներգիչ, որից 10-ը հանդես են գալիս գլխավոր դերերգերով: Եթե 18-ին գումարենք եւս 18 (նկատի ունենք առաջին եւ երկրորդ կազմերը), ապա կստացվի, որ օպերային թատրոնի մեներգիչների խմբի կեսից ավելին զբաղված են ներկայացման մեջ: Էլ չխոսենք երգչախմբի ու նվագախմբի մասին: Այս օպերայում առանց չափազանցության, նշենք, որ նվագախմբին զուգահեռ, մեծ դեր ուներ նաեւ կոնցերտմայստերը, որի աշխատանքը (նվագակցելը) ժամանակ առ ժամանակ երեւում էր նվագախմբի «դադարի» պահերին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետին ուղղեցինք հետաքրքրող մեկ-երկու հարց:
YooTube-ում տարբեր թատրոնների՝ այս oպերայի շուրջ տասը հատվածներ ենք դիտել, որոնցում առկա են բաց տեսարանները, որոշներում էլ դրանք կարծես «չափն անցնում» են: Երեւանյան բեմականացմանը հանդիպեցինք կարծես ռեժիսորի մտահղացած նման տեսարանների չափից ավելի «լայթս» դրվագների: Տպավորություն կար, որ մտահղացում եղել է, բայց մնացել է զուտ որպես գաղափար՝ դիտարկմանն ի պատասխան Մկրտիչ Բաբաջանյանն ասաց. «Իսրայելի նման պահպանողական երկրի օպերային թատրոնի խաղացանկային այս օպերայում կան չափն անցնող տեսարաններ: Նման մտահղացում, իհարկե, եղել է, բայց… դա շատ համարձակ կլիներ, այնուամենայնիվ, որոշ, այսպես ասած, բաց էլեմենտներ կան: Իմ բեմականացման մեջ այդ ազատությունը չափավոր է:
Օրինակ, եվրոպական տարբեր թատրոններում ժամանակակից ռեժիսուրայով բեմադրված մեկ-երկու ներկայացումներում ես էլ եմ մասնակցել, չասեմ էրոտիկ, բայց նման տպավորություն գործող տեսարաններում»:
Ռոսսինիի օպերայում հնչում են Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հիմները: Հարցին, հնարավոր չէ՞ր ձեր ժամանակակից ռեժիսուրայով իրականացված բեմականացման մեջ հնչեր նաեւ Հայաստանի հիմնը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թեեւ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմսը» ընդգրկված է թատրոնի խաղացանկում, բայց այդ ուղղությամբ կարելի է մտածել: Ինչո՞ւ չէ, մեր օրհներգի կատարմանը կմիանա նաեւ հանդիսատեսը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.06.2019