Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարեւորագույն վկաները չեն հարցաքննվել, որովհետեւ «կփլվեր» մեղադրանքը»

Հունիս 08,2019 12:30

Հարցազրույց էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավասության դատարանում դատական գործընթացը, արդյոք հնարավոր եղա՞վ իրացնել դատավարական բոլոր իրավունքները:

– Ընդհանուր առմամբ, գործընթացը կարելի է գնահատել որպես դրական, դրա մասին է վկայում առնվազն 2 փաստ.

ա. Հանրապետության 2-րդ նախագահն այսօր ազատության մեջ է,

բ. Դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ մեզ հուզող հարցերի սահմանադրականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով:

Այսինքն, մեր պահանջները բավարարվել են, իսկ այն, ինչը մեզ համար ընդունելի չէր, մնացել է անցյալում եւ դրանց անդրադարձ կատարելն անիմաստ եմ համարում:

– Պարոն Սահակյան, ՍԴ գործն ուղարկելու մասին պաշտպանական խմբի կողմից է եղել միջնորդությունը:

Նախաքննության փուլում նման միջնորդությամբ հանդես եկե՞լ եք, որպեսզի գործն ուղարկվի ՍԴ՝ սահմանադրականության հարց քննարկելու նպատակով:

– Այո, այդպիսի միջնորդություն նախ ներկայացրել ենք գլխավոր դատախազին, սակայն մերժում ենք ստացել: Խափանման միջոցի հարցի քննարկման հետ կապված բոլոր դատական նիստերում, սկսած առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան, այդ հարցը բարձրացրել ենք, սակայն արդյունքի չենք հասել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն այդ հարցին մոտեցավ ավելի պատասխանատու ձեւով՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման մեջ արդեն կատարեց գրառումներ, որից պարզ դարձավ, որ հաջորդ քայլով նա կանդրադառնա պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության եւ Քրեական օրենսգրքի 300.1-րդ եւ նախկինում գործող 300-րդ հոդվածների սահմանադրականության հարցերին (մանրամասների մեջ չեմ խորանում): Բոլորս, այդ թվում դատախազներն ու տուժողների ներկայացուցիչները հասկացան, որ դատավարական հաջորդ փուլում դատարանը դիմելու է Սահմանադրական դատարան:

Սկսվեց աննախադեպ իրարանցում՝ սպառնալիքներ դատավորի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, նրա որոշման անտրամաբանական մեկնաբանություններ եւ այլն: Բոլորին գերազանցեց հանրապետության վարչապետը՝ դատարանի որոշումը հրապարակելու հաջորդ օրը կոչ արեց խախտել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները ու կաթվածահար անել երրորդ իշխանության գործունեությունը:

– Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի եւ Ա. Գեւորգյանի վերաբերյալ գործով հրապարակվեցին ցուցմունքներ: Ձեր գնահատմամբ` նախաքննության փուլում գործով ձեռք բերված ցուցմունքների հրապարակումն արդյոք էական ազդեցություն կարո՞ղ է թողնել առհասարակ գործերի ելքերի վրա:

– Հարցը լուրջ բանավեճի առիթ դարձավ դատական նիստում, սակայն այդ հարցը մենք բացարձակապես չենք կարեւորում մի պարզ պատճառով, որ գործով հարցաքննված վկաների ցուցմունքներն իրենց բացարձակ մեծամասնությամբ կարեւորություն չունեն առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Դրանք վերաբերելի չեն առաջադրված մեղադրանքին: Մեր պաշտպանյալներին առաջադրված անհասկանալի մեղադրանքը այնպիսին է, որ վկաների ցուցմունքներով չպետք է ապացուցվի: Պարզաբանեմ միտքս՝ մենք չենք ժխտում 0038 հրամանի առկայության փաստը, չենք ժխտում նաեւ, որ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր է հրապարակվել: Մենք ասում ենք, որ դրանք կան եւ օրինական են: Օրինակ, եթե հրամանագիրը հակասեր Սահմանադրությանը, ապա հրապարակելուց անմիջապես հետո օրենքի ուժով հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում այն չեղյալ կհայտարարվեր: Ազգային ժողովի այդ լիազորությունը՝ կապված հենց արտակարգ դրություն հայտարարելու հարցի հետ, ուղղակի սահմանված է Սահմանադրության 81-րդ հոդվածով: Սակայն Ազգային ժողովը չեղյալ չի հայտարարել հրամանագիրը, հակառակը՝ 81 պատգամավորների որոշմամբ հավանության է արժանացել եւ դրանով իսկ լրացուցիչ կերպով օրինականացրել է հրամանագիրը եւ այն հայտարարելու անհրաժեշտությունը:

Նախաքննության մարմինն ու դատախազությունը իրենց հերթին պնդում են, որ դրանք ապօրինի են: Հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ուներ դրանց օրինական կամ ապօրինի լինելու հարցը ուղղել հարյուրավոր վկաների, անձանց, որոնք իրավաբան չեն եւ նրանք չէ՞ որ պետք է գնահատական տան այդ փաստաթղթերին: Այդպիսի հարց չի թույլատրվում տալ անգամ փորձագետներին: Եթե նրանց այդպիսի հարց տրվի, ապա փորձագետները կծիծաղեն հարցադրման հեղինակի վրա ու միաժամանակ կպարզաբանեն նրան, որ դա իրավական բնույթի հարց է եւ դրա պատասխանը հենց քննիչը, հենց նախաքննական մարմինը պետք է տա: Փաստորեն, ստացվում է, որ նախաքննական մարմինը զուր տեղը ժամանակ է կորցրել, պետական միջոցներ ու քննիչների ժամանակն է անտեղի վատնել: Սա է քննչական խմբի մակարդակը: Կգա ժամանակը, եւ մենք հանրությանը կներկայացնենք անհեթեթությունների բազմաթիվ փաստեր այն մասին, թե ինչ ցածր մակարդակի նախաքննություն է իրականացվել: Մենք կհիմնավորենք, որ քննչական խմբի ղեկավար Հրաչիկ Մուշեղյանը ճիշտ կաներ զբաղվեր այգեգործությամբ, մանավանդ, որ դա իրեն ավելի մեծ դիվիդենդներ է բերում՝ իր խոստովանությամբ: Ճիշտն ասած, բարի նախանձով եմ վերաբերվում նրա այդ ունակությանը, ինչի կարիքը ես շատ եմ զգում եւ եթե ընդունի առաջարկս, կարող ենք համագործակցել: Սա՝ իմիջիայլոց:

Անցած ամսվա դատական նիստում մենք հրապարակեցինք ընդամենը մի քանի ցուցմունքներ, որոնցից պարզ դարձավ, որ քննչական խումբը, մեղմ ասած, դատարկ, մեղադրանքը չհիմնավորող ցուցմունքներ է ձեռք բերել, միաժամանակ չի հարցաքննել բազմաթիվ առանցքային վկաների, որոնց ցուցմունքները որոշիչ նշանակություն կարող էին ունենալ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու կամ հերքելու համար: Սա պարտականություն է, որ քննչական խումբը չի կատարել: Տրամաբանությունը թելադրում է, որ այդ կարեւորագույն վկաները չեն հարցաքննվել, որովհետեւ «կփլվեր» մեղադրանքը: Այս առումով կարելի է մեկ հատորի չափ փաստեր ներկայացնել, սակայն բավարարվենք այսքանով: Մնացածը՝ հետո:

– Ձեր գործունեության ընթացքում հիշո՞ւմ եք մի դեպք, երբ փակվի գոնե մեկ ժամով որեւէ դատարան: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ դատարանի դռները փակվեցին վարչապետի հրահանգով: Արդյոք սա դատական իշխանությանը միջամտելու փորձ չէ՞:

– Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի հրահանգով՝ աննախադեպ, քննադատության չդիմացող, ապօրինի, հանցավոր, ինչպես նաեւ տրամաբանությունից զուրկ ու անիմաստ գործընթաց էր: Մանրամասնելու անհրաժեշտություն, կարծում եմ՝ չկա, քանի որ զանգվածային լրատվամիջոցներն ու համացանցը հեղեղված են նման նյութերով: Արդեն արձագանքել են նաեւ միջազգային կառույցները, մեղմ ասած՝ անթույլատրելի գնահատելով կատարվածը: Վարչապետի որոշումը ես գնահատում եմ որպես վրեժխնդրություն դատարանների հանդեպ: Վրեժխնդրություն, որը պայմանավորված էր այն փաստով, որ դատական համակարգից մի դատավոր համարձակվել էր երաշխավորությամբ կալանքից ազատել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վարչապետի կողմից դա ուղերձ էր բոլոր դատավորներին, որ նրանք չմոռանան վարչապետի համոզմունքը, որ հանրապետությունում չպետք է լինի որեւէ դատավոր, որ մերժի իրեն: Մինչդեռ պարոն վարչապետը, իմ համոզմամբ, պետք է սկսեր Հատուկ քննչական ծառայությունից ու գլխավոր դատախազությունից: Դժգոհության ալիքը պետք է նրանց դեմ ուղղվեր, ոչ թե դատավորի եւ դատարանների: Վեթթինգի իմաստով արդար դատավորներից հերթականը կարող եմ ասել դատավոր Դավիթ Գրիգորյանն է, զտման հնարավոր գործընթացի չափանիշներից մեկին համապատասխանելը նա ապացուցեց, ինչը չի կարելի ասել նրանից դժգոհող դատավարության կողմի մասին: Այլ կերպ դատավոր Գրիգորյանը վարվել չէր կարող: Համադրելով եւ գնահատելով պաշտպանության կողմի կոնկրետ հղումներով փաստարկված հիմնավորումները եւ դատախազների մանիպուլյատիվ բնույթ կրող հիմնավորումները, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ դատախազների կողմից մեր հարցադրումներին, փաստարկներին հիմնականում մասնակի անդրադառնալու կամ ուղղակի լռության մատնելու որդեգրած վարքագիծը, նա ուժ գտավ իր մեջ կայացնելու արդար դատական ակտ:

Այդպիսի դատավորներ են պետք մեր ժողովրդին՝ դատավորներ, որոնք ղեկավարվում են օրենքներով, սկզբունքային են, չեն ենթարկվում ժողովրդի մի հատվածի զգացմունքային պահանջներին, դատախազների կողմից ներկայացված ապացույցները գնահատում են ոչ թե դրանք ձեռք բերողների արդարությունից հեռու քմահաճույքներով, այլ այնպես, ինչպես դա պահանջում են ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նորմերը, Վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

07.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930