Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շատ է հավանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սանկտ Պետերբուրգի ֆորումում:
Իր առաջին գրառմամբ Զախարովան առանց մեկնաբանության մեջբերել էր Փաշինյանի խոսքերը. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»:
Նրա այդ մեկնաբանությունը բուռն քննարկումներ էր առաջ բերել սոցցանցում, օգտատերերը նրան մեղադրում էին հեգնական տոնի և ոչ դիվանագիտական պահվածքի մեջ:
Ավելի ուշ Զախարովան թարմացրել է իր հրապարակումը:
Կարդացեք նաև
«Ինձ խնդրեցին հստակեցնել իմ վերաբերմունքն այս մեջբերման նկատմամբ: Ժանրի մաքրության համար հրապարակում եմ ամենը, ինչ ասվել է այդ թեմայով. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար կա միայն մեկ ճանապարհ. դա կոչվում է փոխզիջում: Պետք է աշխատել փոխզիջման ուղղությամբ: Փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք: Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, միմյանց շահերի ըմբռնում և հարգանք այդ շահերի նկատմամբ»:
Հատուկ օժտվածների համար պարզաբանեմ. բովանդակալից, դրական և զիլ: Ինձ շաաաաաատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի լսեք»,- գրել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ