Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:
Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:
Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն:
Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին և հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին, ովքեր իրականություն են դարձրել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպումը։
Կարդացեք նաև
«Ես կանխազգացում ունեմ, որ մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, հետագա էվոլյուցիա կապրի Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» ձևաչափով»,– նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Այսօր երեկոյան մասնակիցների համար կազմակերպվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող տարբեր նախագծերի ու նախաձեռնությունների շնորհանդեսներ:
Հայաստանյան գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ կենտրոնական բանկը և «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ