«Հայաստանը վերջերս խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին կառուցողական մոտեցումից, բայց չնայած դրան՝ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունների ընթացքում մարդիկ են մեռնում տարածաշրջանում: Մասնավորապես վերջին անգամ, երբ համանախագահներն այցելեցին հայ դիպուկահարի կրակոցից մահացած զինվորին; Ինչպես կարող եք մեկնաբանել իրավիճակը: Մի կողմից կառուցողականություն եք նշում, մյուս կողմից մարդիկ են զոհվում»,- Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ադրբեջանցի լրագրողը:
Նաեւ հարցրեց, թե երբ հայկական զինուժը կլքի իր խոսքով՝ «բռնազավթված» տարածքները, ապա անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանին. «Նույնիսկ մեր նախարարը պաշտոնապես հայտարարությամբ հանդես եկավ, որ իր անվտանգությունը կապահովեն, սակայն ձեր ֆուտբոլիստը չայցելեց Բաքու»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, որ պաշտոնապես նման հայտարարություն է արվել, համացանցում կար տեսանյութ, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանի անունով շապիկ: Պատկերացրեք, որ տվյալ դեպքում ընդամենը երկրպագուների մասին է խոսքը, եթե նրանք կրում են Մխիթարյանի անունով շապիկ, հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Դեպքեր են եղել, որ ՌԴ քաղաքացին՝ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու, բայց թույլտվություն չստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Դա շատ վատ նշան է, իսկ Հայաստանում նման բան չկա: Վերջերս «Թուրան » գործակալության լրագրողներից մեկն այցելել էր Հայաստան, եւ ես գիտեմ, որ որեւէ խնդիր չի ունեցել, նույնիսկ անվտանգության որեւէ հարց չի բարձրացել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է զոհերին, Նիկոլ Փաշինյանն այս մասին էլ ասաց. « Դուք խոսեցիք զոհված զինվորի մասին: Իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են մայորի մահվան մասին: Մենք վերստուգել ենք այդ տեղեկատվությունը, նաեւ ուղարկվել է համանախագահներին: Այդ օրը անգամ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել: Մենք ստուգել ենք զենքերը զինվորների, որոնք այդ օրը այդ տարածքում ծառայության են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նույնպես հաստատել են, որ այդ օրը որեւէ կրակոց չի եղել, անգամ այդ ժամանակ եղել են այնտեղ եղել են հատուկ վարժանքներ եւ կա տեսանյութ, որ ապացուցում է՝ ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին եւ ադրբեջանական կողմին;
Չնայած դրան, հաջորդ օրը ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից: Ճշմարտությունն այն է, որ դժբախտաբար Դուշանբեում ձեռք բերված համաձայնությունից հետո նույնիսկ առաջին զոհերը արդեն կան: Հուսով եմ, որ կկարողանանք նվազեցնել, թուլացնել լարվածությունը տարածաշրջանում:
Ընդհանուր առմամբ, որպեսզի խուսափենք նման վեճերից, թե ով, որտեղ եւ երբ է կրակել, այդ կապակցությամբ անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016 թ. Վիեննայում, խոսքը վերաբերվում է հետաքննությունների մեխանիզմների ստեղծմանը հակամարտության գոտում, այսինքն` կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմին:
ՀՀ կառավարությունը եւ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են այս մեխանիզմը ստեղծել ԵԱՀԿ հովանու ներքո; Ես համաձայն եմ, որ նման միջադեպերը բացասաբար են ազդում ընդհանուր իրավիճակի վրա: Անհարժեշտ է ստեղծել շատ հստակ մեխանիզմ, որը կհետաքննի միջադեպերը;
Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ես այս մասին խոսել եմ ԵԽ հանդիպմանը. Ադրբեջանում շատ են ասում, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված է: Ինչպես կարող է օկուպացնել ինչ-որ տարածք մարդկանց կողմից, որոնք այդտեղ ծնվել են, նրանց պապերը, պապերի պապերն այդտեղ ծնվել եւ ապրել են դարերով: Բոլորս էլ գիտենք, որ երբ սկսվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանը մի քանի անգամ հայտարարեց, որ երաշխավորում է ԼՂ-ի անվտանգությունը, որովհետեւ դժբախտաբար, եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա որեւէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ