Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ունի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից եւ արդյոք մտադիր է Հայաստանում նման հարթակ ստեղծել:
«Տպավորված եմ ֆորումով,նրա կազմակերպման բարձր մակարդակով, այն միջավայրով ու մթնոլորտով, որ ստեղծված է: Մենք շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք, բանակցություններ այս շրջանակում, այնպես որ բավարարված եմ մեր մասնակցությամբ: Լիագումար նիստը նույնպես հետաքրքիր էր:
Այն անդրադարձ արեց համաշխարհային, տարածաշրջանային օրակարգերի հարցերին, Եվրասիական գործընկերության համագործության հարցերին, շատ լավ հարթակ է շփում ապահովելու առաջնորդների միջեւ, ստեղծելու հնարավորություն՝ բիզնեսների ներկայացուցիչների կողմից տվյալներով կիսվելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ հոկտեմբերին Հայաստանում պլանավորվում է անցկացնել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, պլանավորվում է նաեւ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի հանդիպումը Հայաստանում. «Մենք այս պահին գտնվում ենք հարցերի համաձայնության փուլում: Ժամանակն է նաեւ մտածել տարեկան ֆորումի մասին, չգիտեմ՝ դա կլինի Եվրասիական, Միջազգային կամ միգուցե համահայկական: Համենայն դեպս նման հարթակները կարեւոր են շփման, քննարկումների համար, նոր հնարավորությունների, տնտեսական եւ քաղաքական համագործակցության համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ