Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Այս պահին աշխատում ենք, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին»

Հունիս 07,2019 20:35

«Վրաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ինտեգրման տեսանկյունից նույնպես, հնարավորություն եղավ խոսել այդ մասին, երբ խոսում էինք Հայաստանի մասնակցության մասին «Մեկ գոտի, մեկ ճամփա» ծրագրին: Ենթադրում  ենք, որ հնարավոր է իրականացնել այնպիսի ծրագիր, որը կփորձեր միացնել Սեւ ծովը Պարսից ծոցին:

Մենք այդ կապն իրականացնելու համար կառուցում ենք նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը Հայաստանի հարավային սահմանային անցակետը կապելու է Հայաստանի հյուսիսում գտնվող վրաց-հայկական անցակետին: Հուսով ենք, որ այս ծրագիրը հետաքրքիր է Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի համար, այսօր խոսել ենք նաեւ Բուլղարիայի հետ, նրանք նույնպես հետաքրքրված են:

Հուսով եմ, որ սա իսկապես չափազանց կարեւոր ծրագիր է լինելու՝ մասնավորապես մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար»,- Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այս մասին էլ Փաշինյանը նշեց. «Դժբախտաբար, Ադրբեջանի հետ նման կառուցողական հարաբերություններ չունենք, եւ այս պահին աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ: Հայաստանի որոշումը այս հարցում մնում է կառուցողականության դաշտում: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով:

Բանակցություններն այս պահին ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Կարեւոր է ընդգծել, որ այս ձեւաչափի մեկնարկի առաջին օրերից Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել, ներգրավված են եղել բանակցությունների գործընթացում:

Մեր դիրքորոշումն այնպիսին է՝ եթե մենք  իսկապես ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը, ապա դա պարզապես հնարավոր չէ անել մի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների գործընթացից դուրս է մնացել;

Անհրաժեշտ է վերականգնել լիարժեք, լիակազմ ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության եւ ըստ միջազգայնորեն ընդունված փաստաթղթերի, այնտեղ կա բանակցությունների երեք կողմ՝ Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Այս պահին աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Լեռնային Ղարաբաղը, վերջապես, վերադառնա բանակցությունների սեղանին եւ ամբողջությամբ ներգրավի բանակցություններում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930