Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցնում են՝ դու լուցկի ունե՞ս, եթե չէ, ապա խիստ կասկածներ կան քո սեռական կողմնորոշման հետ». Արարատ Միրզոյան

Հունիս 07,2019 19:55

Այն, որ 58 մլն շրջհարկի շեմը դառնում է 115 մլն, լա՞վ է՝ լա՛վ է: Գնացինք առաջ: 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը՝ 23%, 2021-ի հունվարի 1-ից՝ 22%, 2023-ի հունվարի 1-ից՝ 20%, լա՞վ է: Այսօր խորհրդարանում Հարկային նոր օրենսգրքի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով փոփոխությունները, ասաց, որ ինքն էլ է հաշվարկներ արել. «Դիցուք, 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին վճարում էր 56 հազար դրամ եկամտահարկ, այժմ կվճարի 46 հազար դրամ, չհարկվող եկամուտը կլինի ամսական 10 հազար դրամ: 800 հազար ստացող քաղաքացիների եկամտահարկը 224 հազար էր, հիմա առաջարկի ընդունման դեպքում կլինի 184 հազար, ամսական 40 հազար դրամ կկազմի չհարկվող եկամուտը, սա լա՞վ է, թե՞ վատ»:

Նա ասաց, որ ենթադրում էր, թե տնտեսագետները կսկսեին խոսել այս գումարների մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին, թե ինչ կանեն քաղաքացիները այդ գումարով՝ «գնում են ավելի շատ սննդամթերք, գնում են ավելի շատ շոր, գնում են կինոթատրոններ, կամ իմ նման վարկային կազմակերպությունից ավելի լայն էկրանով հեռուստացույց են վերցնում, օրինակ՝ սրանով ակտիվացնելով տնտեսությունը»:

Ելույթի վերջում դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ֆրակցիաներից մեկը ենթադրաբար կոնսերվատիվ բնույթի գաղափարախոսություն կրող քաղաքական ուժ է (նկատի ունի ԲՀԿ-ին), մյուսը՝ լիբերալ (նկատի ունի «Լուսավոր Հայաստանին»): Աշխարհի փորձից օրինակներ եք բերում, ինչքան ինձ իմ համեստ քաղաքագիտական դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, սովորաբար պահպանողականներն ու լիբերալներն իրենք են համահարթ առաջարկում, սոցիալիստներն են, որ գալիս են, պրոգրեսիվ են ուզում: Ես հասկանում եմ արտախորհրդարանական իմ սոցիալիստ գործընկերներին, բայց, կներեք, որեւէ կերպ չեմ հասկանում մեր երկու շատ սիրելի խմբակցություններին: Սկզբունքային ասել եք չէ: Չէ՝ հարց չկա, բայց շատ մի հիմնավորեք, չի կպնում»:

Խոսելով ԱԺ քննարկումներում ընդդիմադիրների այն քննադատության մասին, թե սա պրոգրեսիվ չի, ռեգրեսիվ է՝ Միրզոյանն ասաց. «Որ ասում եք՝ պրոգրեսիվ չի, ուրեմն ռեգրեսիվ է, ինձ հիշեցնում է մի անեկդոտ, որտեղ հարցնում են՝ դու լուցկի ունե՞ս, եթե չէ, ապա խիստ կասկածներ կան քո սեռական կողմնորոշման հետ»:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, 32 դեմ ձայներով: ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930