Հայաստանը պատրաստ է խորացնել ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց զարգացնում է գործընկերությունը նաև Եվրամիության հետ՝ անխուսափելի համարելով մերձեցումը երկու ինտեգրացիոն միավորումների հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային ֆորումի լիագումար նիստին՝ Փաշինյանն ասել է, որ իր կառավարության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթությունն է արտաքին տնտեսական կապերի ներուժի լիարժեք օգտագործումը և մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն կառույցներին:
«Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է համաշխարհային տնտեսության և ակտիվության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալացումը: Դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի հետ մեր գործակցությանը, և մասնակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք հակված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և միությունում առավելագույն արդյունավետությամբ մասնակցությանը: Մենք կօգտագործենք բոլոր ջանքերը գործակցության մեխանիզմների կատարելագործման և մեր միության անդամների հետ ինտեգրումն առավել կերպով խորացնելու համար: Դա հավասար կերպով վերաբերում է նաև ՀԱՊԿ անդամակցությանը»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է աշխարհի տարբեր տարածաշրջանների, այդ թվում Չինաստանի հետ գործակցության ընդլայնմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ նախաձեռնությունների և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում: «Հեռանկարային եմ համարում նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև գործընկերությունը խորացնելու քաղաքականությունը: Կարծում եմ՝ եթե ոչ մոտ ապագայում, ապա գոնե միջնաժամկետ հեռանկարում նման գործակցությունը միանգամայն իրական է և անգամ անխուսափելի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Կարդացեք նաև
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի հեր գործընկերությունը որևէ կերպ չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը, այլ լրացնում է, «հարստացնում մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով»:
Փաշինյանը մեկ այլ առաջնահերթ բարեփոխում է անվանել Հայաստանի դատական համակարգը և երկրում մարդկային ներուժի զարգացումը: «Մենք ընդհանրապես պատրաստում ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ