«Արտակ Զեյնալյանի մոտեցումը՝ դատական իշխանության փոփոխություններին, այսինքն՝ նրա նշած էվոլյուցիոն ճանապարհը, ամբողջովին հակասության մեջ է այն խնդիրների ծավալի ու բնույթի հետ, որ այսօր առկա են դատական իշխանությունում»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Զեյնալյանն ամիսներ առաջ ասել էր՝ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը պետք է լինի անցնցում, էվոլյուցիոն զարգացմամբ եւ զերծ արտաքին «վիրահատական» միջամտություններից: Զեյնալյանի այս մոտեցումը քննադատեցին տարբեր ուժեր, եւ մամուլում հաճախ էր ակնկարկվում նրա հրաժարականի մասին:
Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Զեյնալյանի՝ բարեփոխումների վերաբերյալ մոտեցումների հետ ինքն էլ անհամաձայնություն է ունեցել: Անհամաձայնություններ են եղել նաեւ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերում:
«Մենք էվոլյուցիոն իրավիճակում չենք, հետեւաբար դատական իշխանությունն էլ չէր կարող էվոլյուցիոն ճանապարհով փոխվել: Էվոլյուցիոն ճանապարհն ամբողջովին հակասում է հեղափոխության բուն էությանը, քանի որ հեղափոխությունը տեղի է ունեցել, քանի որ կար անարդարություն, որի պատասխանատուն դատական իշխանությունն է, իսկ էվոլյուցիոն ճանապարհը հերքում է հեղափոխության փաստը»,-ասաց Սաքունցը:
Կարդացեք նաև
Նրա դիտարկմամբ՝ արդարադատության համակարգում պետք են կտրուկ ջանքեր, կտրուկ, բայց ոչ կացնային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, սրանք չեն արվել, հետեւաբար Զեյնալյանի հրաժարականը տեղին է:
Սաքունցը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դատական իշխանության վերաբերյալ.«Վարչապետի նման վերաբերմունքը չէր լինի, եթե հեղափոխական օրենսդրական փաթեթ լիներ դատական համակարգի բարեփոխումների մասին, մեխանիզմներ մշակվեին: Եթե այս ամենը լիներ, մենք հիմա այլ իրավիճակում կլինեինք: Դատարանները քաղաքական իշխանության տիրույթից ազատվել էին, «ավտոպիլոտ»-ով ինչ ուզում՝ անում էին, բայց գտնվում էին նախորդ արժեքային եւ մտածողության գործելակերպի շրջանակներում: Սա չէր կարող շարունակվել: Այս հարցերի չլուծելն էլ հիմնական պատճառն էր, որ եղավ այն, ինչ եղավ»:
Սաքունցը գտնում է, որ ցանկության դեպքում Զեյնալյանը կարող էր նախաձեռնել հեղափոխական բարեփոխումներ. «Հեղափոխական իշխանության կառավարման ցանկացած անձ՝ անկախ փորձից, արդեն ուներ վստահության մեծ ռեսուրս, ուստի կարող էր փոփոխություններ անել: Եթե կա ցանկություն, ապա կգտնվեր ռեսուսր: ԵՄ-ն, քաղհասարակությունը, Եվրախորհուրդը, Համաշխարհային բանկը եւ այլ կառույցներ, ի վերջո պատրաստակամություն էին հայտնել աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Զեյնալյանին մնում էր արմատական փոփոխություններով քայլեր անել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ