Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանի կատակը՝ ուղղված Հայկ Գեւորգյանին. «Լավ չեք հաշվում, էդքան խմող ու երթեւեկող քաղաքացու մոտ տուգանքներն էլ են ավելանալու, էդ էլ է ծախս»

Հունիս 07,2019 19:21

«Մենք հիմա ի՞նչ ենք ասում քաղաքացուն, ասում ենք՝ եթե դու լավ մասնագետ ես, ժամանակին լավ ես սովորել, ամբողջ օրը հայաթում պպզած բլոտ չես խաղացել, գնացել ես սովորել ես, գիշերները աչք ես քոռացրել, դարձել ես լավ ծրագրավորող, լավ ֆինանսիստ, լավ տնտեսագետ, լավ զոդող, լավ խառատ ես, ասում ենք՝ գիտես, ինչ եղբայր, դու իրավունք չունես բարձր աշխատավարձ ստանալու, դու պիտի ուրիշներից շատ հարկվես, տարօրինակ մարդ ես: Հլը որ մի քիչ էլ լավ մասնագետ դառնաս ու մի քիչ էլ ավելի բարձր աշխատավարձ ստանաս, գալու ես 36 տոկոսով քեզ հարկենք, հանկարծ մտքովդ չանցնի լավ մասնագետ դառնաս: Ուզո՞ւմ ես քեզ քիչ հարկեն, գնա ուրիշ երկիր, էնտեղ քիչ են հարկում»,- ԱԺ-ում Նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ եկամտահարկի համահարթեցման մասին բողոքներին ի պատասխան՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Անդրադառնալով աղմուկ բարձրացնողներին, որ վա՜յ, հասեք, թանկացումներ են սպասվում, սոված ենք մնալու, Գեւորգյանն ասաց. «200 հազար դրամ ստացող միջին վիճակագրական հայաստանցին այսօր վճարում է 56 հազար դրամ եկամտահարկ, համահարթի դեպքում 8 հազար դրամ կշահի: Ի՞նչն են ասում, որ կթանկանա՝ բենզինը, դիզվառելիքը, գինին…: Վերցնենք ամենաթանկը՝ բենզինը. Էդ 200 հազար ստացողն օրական քշում է 30 կմ ճանապարհ, ծախսում է օրական 5 լիտր բենզին: Ակցիզային հարկը 1 լ. բենզինի վրա կկազմի 1,6 դրամ, այսինքն, 430 դրամանոց բենզինը դառնալու է 431 դրամ, 60 լումա: Ասենք, էդ մարդը ամեն օր քշում է, ամսական ավել է վճարելու 750 դրամ, եթե 1 դրամով էլ չէ՝ 5 դրամով թանկանա: Վերցնենք, որ այդ 200 հազար դրամ ստացող միջին վիճակագրական քաղաքացին գուրման է, ամեն ընթրիքից հետո մեկ շիշ պիտի խմի ամեն օր, գինու վրա 25 դրամով է ավելանում, ամեն օր, եթե գինի էր խմում, իր ծախսը կավելանա 750 դրամ, ուրիշ թանկացման բան չկա: Այսինքն, նոր փոփոխություններից հետո 200 հազար ստացող քաղաքացու եկամուտը կավելանա 8000 դրամով, ծախսերը կավելանան 1500 դրամով, սա այն դեպքում, երբ ամեն օր խմում ու 30 կմ քշում է»:

Արձագանքելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Լավ չեք հաշվում, պարոն Գեւորգյան, էդքան խմող ու երթեւեկող քաղաքացու մոտ տուգանքներն էլ են ավելանալու, էդ էլ է ծախսերի ավելցուկ»:

Սա ներկայացնելով՝ Գեւորգյանն ասաց, որ ակնհայտ է, փողոցում նրանք, որ պլակատներով կանգնում ու ասում են՝ «ոչ թանկացումներին», ուրիշ հարց են լուծում. «Այդ քննադատությունների մեջ լուրջ հիմքեր չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Հայաստանը իր հարկային դաշտով համընթաց քայլում է ԱՄՆ-ի հետ ։ Ճիշտ չէ։ Մանավանդ որ ԱՄՆ-ում քաղաքացին իր թաքսերը հայտագրելուց հետո ստանում է լգոտաներ նահանգից և ֆեդեռալից։ Չունևոր , իր չափով հարկ վճարած 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը տարվա մեջ մեկ անգամ միանվագ ստանում է 10 հազար դոլարից սկսած մեծ մեծ գումարներ ։ Եթե երեխան արդեն չափահաս է , 21 տ․ բարձր է բայց դեռ ուսանող է, այդ հետվճարումը շարունակվում է։ Հասկանալի է, որ պետբյուջեն դատարկ է, բայց այս ձևով սրընթաց չպետք է լցվի։ Դժգոհությունների ալիքը ջուր է լցնում Նրանց ջրաղացին։

  2. Gagik says:

    Հայկոն ոնց որ ընդիմադիր լրագրող եղած ժամանակ էր մանիպուլյացիաներ անում նույննել հիմա։
    Նախ Հայաստանում միջին աշխատավարձը 172հազար դրամա, բացի դա կան գործազուրկներ, գյուղացիություն։
    Հետևաբար 200հազար աշխատավարձ ստացողը միջին վիճակագրականից ահագին բարձրա։
    Ծխախոտը չգիտես ինչի չի հաշվում։ Ասենք հա վատ բանա շատ վատ բանա, բայց աղքատ ծխողը մեկա ծխելույա ու իր ծախսը ավելանալույա։

    Ոնց որ թե 28տոկոս եկամտահարկը չի խանգարել ՏՏ ոլորտին զարգանալ, խելացի ջահելներին լավ սովորել դառնալ ծրագրավորող ու կարծես տենց ծրագրավորողներ շատ չունենք, որ գնան Վրաստանում աշխատեն ինչա ընդեղ եկամտահարկը 20տոկոսա։
    Հակառակը ընդեղից են գալիս Հայաստան։

    Մենք իրանց ասում ենք լավա որ լավ մասնագետ եք, դա նաև նրա շնորհից որ պետությունը ձեռ Պոլիտեխնիկում լավ կրթելա, Սինոպսիսին բերելա լաբորրատորիաներա ստեղծել։

    Հիմա դուք մի 5տոկոս որ ավել հարկ վճարեք պետությանը 100հազար ստացողի համեմատ աշխարհը չի քանդվի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930