Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «ԲԴԽ մյուս անդամներն էլ պետք է քաջություն ունենան հրաժարական տալու»

Հունիս 07,2019 19:03

Գեւորգ Դանիելյանն իր հրաժարականով արձանագրեց այն փաստը, որ դատական իշխանության նկատմամբ կա խորը անվստահություն: Այսպիսի կարծիք հայտնեց Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Այսօր բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանն հայտարարել է իր հրաժարականի մասին:

Սաքունցը նկատում է՝ այս հրաժարականը հետեւել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին: Գեւորգ Դանիելյանը, ըստ Սաքունցի, ճիշտ քայլ կատարեց, նշելով՝ ԲԴԽ-ն պետք է այնպես ձեւավորվի, որ վստահություն ունենա, որովհետեւ այն մասնակից պետք է լինի դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:

«ԲԴԽ մյուս անդամները նույնպես հնարավորություն ունեն եզրակացություն անելու եւ պետք է քաջություն ունենան գնալու նման քայլին՝ հրաժարականին»,-ասաց Արթուր Սաքունցը:

ԲԴԽ անդամների հրաժարականներն, ըստ Սաքունցի, ճգնաժամ չեն ստեղծի, որովհետեւ, տվյալ մարմինը չունենալով հանրային վստահություն, արդեն ճգնաժամի մեջ է, այս մարմինը վստահություն չունի նաեւ դատավորների շրջանում:

Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ երբ Փաշինյանը հայտարարեց դատարանների մուտքներն արգելափակելու մասին, ԲԴԽ-ն չկարողացավ հանդես գալ այդ առնչությամբ, եւ ըստ էության, ԲԴԽ-ն չունի նման ռեսուրս՝ հանդես գալու դատական իշխանության պաշտպանության դիրքերից.«Որովհետեւ ինքը չգտավ որեւէ փաստարկ, որով կարող է հանդես գալ որպես դատական իշխանության ներկայացուցիչ, դատական իշխանության շահերի պաշտպան, եւ փաստորեն արձանագրեց իր անգործունակությունն ու անկարողությունը, անվստահությունն ինքն իր նկատմամբ»:

Արթուր Սաքունցը համոզված է՝ Գեւորգ Դանիելյանի կամ Գագիկ Հարությունյանի փոխարեն ով էլ ընտրվի ԲԴԽ անդամ, եթե ժամանակավոր արդյունք լինի էլ վստահության տեսակետից, ապա երկարատեւ առումով չի կարող երաշխիք լինել ԲԴԽ-ի նկատմամբ վստահության ապահովման համար.«Որովհետեւ այն մեխանիզմը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, օրենսդրությամբ, որոնք կարգավորում են ԲԴԽ ձեւավորումը, գործառույթներն եւ այլն, իրենք են իրենց էությամբ, բովանդակությամբ կոնսոլիդացնողը ԲԴԽ-ին, եւ այս առումով, համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի ինստիտուցիոնալ եւ օրենսդրական երաշխիքներ լինեն վստահության ձեւավորման համար»:

Այն կարծիքները, թե՝ ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ հետեւաբար քաղաքական ազդեցություն ունի ԲԴԽ անդամների ընտրության վրա, ըստ Սաքունցի, դե, բնականաբար պետք է չունենար ազդեցություն: Բայց, Սաքունցը նկատեց՝ ԲԴԽ ձեւավորման մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ դատական իշխանության ձեւավորման գործընթացի վրա բացառվի քաղաքական ազդեցությունը.«Կարեւոր չէ թե ով է նշանակում, այլ կարեւոր է, որ ԲԴԽ անդամը նշանակումից հետո անկախություն ունենա նշանակողից, դա լինի ԱԺ-ն, կամ ԱԺ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը: Այսինքն, պետք է ինստիտուցիոնալ, օրենսդրական փոփոխություններ արվեն»:

Սաքունցը գտնում է, որ թե ԲԴԽ անդամների թեկնածուների, թե իրավապահ այլ մարմինների ղեկավարների թեկնածուների՝ դատախազության, ոստիկանության, մասնագիտական հանձնաժողովը քննի ու որոշում կայացնի: Սրանից հետո, ինչպես նշեց Սաքունցը, ԱԺ-ում այս թեկնածուների ընտրության գործընթացում ԱԺ-ում փոքրամասնությունն էլ պետք է ունենա որոշիչ մասնակցություն, հավասար ձայներով ընտրվի թեկնածուն, ոչ թե մեխանիկական ձայների մասնակցությամբ.«Մենք պետք է բոլոր ջանքերն ուղղենք օրենսդրական փոփոխություններին՝ բացառելու համար այն արատավոր մոտեցումը, որ մինչ այսօր եղել է, երբ դատական իշխանությունը կախվածության մեջ է եղել քաղաքական մեծամասնությունից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930