Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցների վիճակը մնում է անորոշ․ գրեթե ամեն օր նրանք վաղ առավոտյան ներկայանում են աշխատանքի, սակայն հանդիպում են փակ դռների։ Այսօր ևս աշխատակիցներն ահազանգել էին մեզ՝ բողոքելով, որ հոգնել են անորոշությունից։
«Ինչպես միշտ՝ էլի եկել, հավաքվել ենք, էլի նույն պատմությունը, չգիտենք ում դիմենք։ Անգամ պայմանագիրը փոխելու մասին այլևս խոսք չկա։ Քրիստիան Գելիջիից էլ (գործարանի սեփականատերն է) խեր-խաբար, ձայն չկա, ոչ մեկը չի ասում որտեղ է, ինչո՞ւ է թաքնվում, խոսքերը բերանների մեջ ֆռռացնում են, չես կարող բերաններից ելած խոսքը հաստատես։ Երևի էնքան անձեռնմխելի է, որ չեն կարողանում էդ մարդուն կարգի հրավիրեն։ Հեչ չենք զարմանա, որ մի օր էլ գանք ու տեսնենք կարի մեքենաները հավաքել, տարել է։ Ասում են իր եղբայրն էլ Գյումրիում կարի արտադրամաս է դրել ու մի գիշերվա սաղ մեքենաները հավաքել, տարել է»,-ասացին գործարանի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ նրանք 10 օր է՝ ոտքի են կանգնած․ Գյումրու պատմական կառույցներից մեկը՝ «Երկաթգծի հիվանդանոց»-ի շենքը կառավարության կողմից նվիրատվություն ստացած սփյուռքահայ գործարարն աշխատակիցներին ապրիլ ամսվա համար 55 հազար դրամի փոխարեն վճարել էր 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։
Ավելին, գործարանում որոշել էին փոխել աշխատակիցների հետ կնքած մեկ տարվա պայմանագրերը՝ այն դարձնելով գործարքային, սակայն փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի այցից հետո, երբ պաշտոնյան հայտարարեց, որ 40 ժամ աշխատելու դիմաց նվազագույն 55 հազար դրամ չվճարելը օրենսդրության կոպիտ խախտում է, գործարանի դռները փակեցին աշխատակիցների առջև։ Մարզային իշխանություններին չի հաջողվում հանդիպել սեփականատիրոջ հետ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ