Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կա՛մ բիզնեսով, կա՛մ կոռուպցիայով». Արման Եղոյան

Հունիս 07,2019 18:45

212 հազար մարդ 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Որպես եկամտահարկ հիմա վճարում է 28%: 2 մլն-ից ավելի ստացող փոքրաթիվ մարդիկ՝ 1200 մարդ ստանում է 36 տոկոս: Կառավարությունն առաջարկում է համահարթեցնել:

Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել առ այն, որ կառավարությունն աջակցում է հարուստներին՝ բարձր աշխատավարձ ստացողներին, իսկ մինչեւ 150 հազար դրամ ստացողները սրանից ոչինչ չեն ստանում:

ԱԺ-ում Նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմամբ՝ մինչեւ 800 հազար դրամ ստացողները սովորական աշխատավարձով ապրող մարդիկ են, որ իրենց ընտանիքն են պահում, առօրյա ծախսեր են անում ու հիմնականում գնումներ են անում մեր երկրում. «Էլի դա պտտվում է շրջհարկի, շահութահարկի տեսքով էլի գնում է պետբյուջե: 800 հազարից ավելի աշխատավարձ ստացողների թիվը մոտ 5-6 հազար մարդ է, այսինքն, 205 հազար մարդ Հայաստանում ստանում է 800 հազարից ավելի քիչ աշխատավարձ, 205 հազարն օգտվելու է այս փոփոխությունից: Մենք այսօր խոսում ենք սոցիալական արդարությունից, ասում են՝ դասակարգային պայքար: Եկեք նայենք, օրինակ, 150 հազար ստացողին ու 250 հազար ստացողին, նրանք տարբե՞ր դասակարգերի մարդիկ են, այսինքն, 250 հազար ստացողը հարուստն է, 150 հազար ստացողը աղքա՞տն է: Չէ, նույնն է: Հաճախ նույն ընտանիքի անդամներ են՝ նույն ընտանեկան բյուջեով: Ովքե՞ր են էս մարդիկ, սովորական աշխատողներ, ում աշխատավարձն աճելու է 5%-ով: Պետությունն ասում է՝ եղբայր, էս 5%-ը պահիր, ծախսիր քո ընտանիքի ծախսերի վրա»:

Եղոյանն ասաց, որ սեղմված գազի, բենզինի հետ կապված մտահոգություններ ունի, որովհետեւ այդ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացման հաշվին է փակվելու եկամտահարկի ճեղքը. «Եկեք հակառակ կողմից մոտենանք՝ մենք էդ 1 մլրդ-ը չե՞նք կարող հարկային վարչարարությամբ հավաքել: Մենք ի՞նչ մեսիջ ենք հղում էդ մարդկանց, ինչի՞ հնարավոր չի թողել նույնը վառելիքի, բենզինի, դիզելի հարցով: Ծխախոտի եւ ոգելից խմիչքի հետ կապված խնդիր չեմ տեսնում: Գույքահարկի հարցը լուծված չի: Եթե ուզում ենք անդրադառնալ դասակարգային խնդիրներին, պետք է նայենք մարդու գույքին, ոչ թե աշխատավարձին: Աշխատավարձով ոչ ոք չի հարստանա՝ ուզում է 1 մլն ստանա, ուզում է՝ 2 մլն: Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կա՛մ բիզնեսով, կա՛մ կոռուպցիայով: Հիմա կոռուպցիայով զբաղվողներով զբաղվում են, մնաց բիզնեսը: Մոնումենտում եռահարկ առանձնատուն ունեցող մարդը շատ տրամաբանորեն, սոցիալական արդարության նկատառումներից ելնելով, պետք է մուծի ավելի շատ գույքահարկ, քան նույն Մոնումենտում հարեւանությամբ թեկուզ 3 սենյականոց բնակարանի համար: Մանրամասն քաղաքը պետք է քարտեզագրվի՝ փողոց առ փողոց, գույք առ գույք: Այն մարդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ ճոխություններ, խնդրեմ՝ ճոխության հարկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930