Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայիլ Զինուրով. Համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը մեծագույն տեղ եւ դեր ունի

Հունիս 07,2019 22:45

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի է ունեցել ՌԴ պետական, հասարակական գործիչ, գրող, իրավագետ, քանդակագործ Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, հայագետներ, գիտնականներ, լրագրողներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել հեղինակի կատարած աշխատանքն ու ժողովածուի պատմագիտական ուրույն արժեքը: Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի մեծ բարեկամին:
Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպության համանախագահ Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ աշխատությունը հրատարակվել է Ուրֆայում: Ազգությամբ բաշկիր Ռաֆայիլ Զինուրովը վերլուծել է հայկական պատմագրության միջազգային ասպեկտները, թուրքական եւ ադրբեջանական «վայ» պատմագիրների ուսումնասիրությունները: Բանախոսի դիտարկմամբ՝ քաղաքական ժամանակավոր հայտարարություններին, կարգախոսներին հեղինակը հակադրվել է մնայուն, խորքային ուսումնասիրություններով, որոնց հիման վրա է կառուցվում նաեւ հայ-ռուսական խորհրդարանական միջպետական, միջմշակութային համագործակցությունը:

Զինուրովի աշխատանքների վերաբերյալ գնահատանքի խոսք են ասել ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Հովհաննիսյանը: Նրանք արժեւորել են օտարազգի պատմաբանի ուրույն վերլուծությունը, որով պատասխան է տրվում հրապարակում առկա հակահայագիտական աշխատանքներին:

Ռաֆայիլ Զինուրովի խոսքով՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը մեծագույն տեղ եւ դեր ունի: Հայի պատմությունն ու ճակատագիրն են նրան ուղղորդել անդրադառնալու հայկական պատմությանը: Նրան հիացնում է հայի անկոտրում ոգին: Հեղինակն իր մտքում արդեն իսկ ուրվագծում է հերթական գործը, որը նվիրվելու է Հայաստանի առաջին հանրապետության պատմականությանը: Նա խորհրդարանին է ընծայել իր քանդակներից Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կիսանդրին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930