Նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն իր ելույթում ասաց, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը ռիսկեր է պարունակում. «Տնտեսական հանձնաժողովը բազմաթիվ անգամ քննարկում կազմակերպեց, բայց չասվեց, թե ի՞նչն կարող է տեղի ունենալ, եթե 4 տարի անընդմեջ ակցիզային հարկը բարձրացնենք: ՌԴ-ում ակցիզային հարկի բարձրացումը ցույց է տալիս, որ դա իր հետեւից բերում է մաքսանենգ ճանապարհով կեղծ ապրանքների ներթափանցումը շուկա: Շուկան հեղեղվում է կեղծ ապրանքով: ՀՀ-ում էլ կա այդ պրակտիկան: Եթե տնտեսական ապրանքների շուկան ուսումնասիրել եք, խոսքը լվացքի փոշու եւ աման լվալու հեղուկի մասին է, ի՞նչ է հիմա տեղի ունենում՝ Վրաստանում անհայտ ծագման էդ ապրանքներից ահռելի քանակով հետը բերում են Հայաստան, մտնեք խանութներ՝ Թուրքիայի, չգիտեմ որտեղի մակնշումով էդ ապրանքները կան: Չեք կարողանալու էդ ցունամին կանգնացնել, որ էդ կեղծ ապրանքները չգան Հայաստան»:
Որպես օրինակ, նա նշեց, որ Արեւմուտքում հա ծխախոտի հարկը բարձրացնում են, հա «լցվում» են այդ ապրանքները Ուկրաինայից. «Ուկրաինայի բյուջեի 10 տոկոսը կեղծ սիգարետից է լցվում, որովհետեւ հեղեղել է Արեւմուտքի շուկան»:
Նա հորդորեց եւս մեկ անգամ հաշվարկել ու հասկանալ՝ արժե՞ սպառողի կյանքը այդպես թանկացնել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ