Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էր Արարատյան մաքսատան «կոռուպցիոները», որի մասին հայտարարեց իրավապաշտպան Արա Խաչատրյանը

Հունիս 07,2019 18:20

«Ես որոշակի կասկած ունեմ, որ ավտոմաքսատան այդ աշխատակիցները կապեր ունեն որոշակի մարդկանց հետ, որոնք նախկինում մեծաքանակ մեքենաներ են բերել եւ այդ մարդիկ արտոնություններ ունեն: Մարդիկ, որոնք այս խնդրով ինձ են դիմել, այդ խնդիրն ինդիկատոր է, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ չէ»,-այսօր Արարատյան՝ Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում հայտարարեց իրավապաշտպան Արա Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանը ներկայացնում էր ավտոմեքենա ներկրած մի քաղաքացու շահերը: Երեկ իրավապաշտպան Խաչատրյանը հայտարարել էր, որ կբարձրաձայնի, թե ավտոմաքսատան գործունեության ընթացքում ինչ կոռուպցիոն սխեմաներ են գործում, կոռուպցիոներների անուններ կհնչեցնի, ասաց նաեւ, որ այդ մասին հավաստող փաստաթղթեր ունի:

Ավտոմաքսատանը Արա Խաչատրյանին եւ լրագրողներին ընդունեց Արարատյան մաքսատան վարչության պետի տեղակալ Գեղամ Սալմազյանը: Սակայն մինչ այդ, պարոն Խաչատրյանը պատմեց, որ քաղաքացին ԱՄՆ-ից ներկրել է 37 հազար դոլարանոց ավտոմեքենա, ինչի մասին հավաստում են փաստաթղթերը: Մեքենայի արժեքը նաեւ ինվոյսում է նշված, սակայն ՊԵԿ-ը կողմնորոշիչ գին է սահմանել՝ 64 հազար դոլար: Ըստ իրավապաշտպան Խաչատրյանի, որպեսզի ավտոմեքենան ներկրողի վրա էժան նստի, երբեմն ձեռք են բերում վթարված մեքենաներ, որոնց համար, սակայն փորձագետը եզրակացություն է տալիս մաքսազերծումից առաջ

Տվյալ քաղաքացու դեպքում փորձագետի եզրակացության մեջ գրված է, որ վնասի չափը կազմում է 11 միլիոն դրամ: Այսինքն, ըստ իրավապաշտպանի մեկնաբանության, այս պահին տվյալ մեքենան 64 հազար դոլար դարձնելու համար անհարժեշտ է, որ վրան ծախսեն 11 միլիոն դրամ: Սակայն պարոն Խաչատրյանի խոսքով, ավտոմաքսատանը երկակի ստանդարտներ են գործում, քանի որ որոշ քաղաքացիների համար փորձագետի եզրակացությունն այս նույն ձեւաչափով ամբողջությամբ է նվազեցվում, մնացած քաղաքացիների համար՝ ոչ: Ինչն էլ իրավապաշտպանին հիմք է տալիս մտածելու, որ այդ շղթայում կա կոռուպցիոն ռիսկ:

Մաքսատան պետի տեղակալն ասաց, որ եթե ունի փաստեր, ապա իրենք էլ ուրախ կլինեն, որ իրավապաշտպան Խաչատրյանը դրանք տրամադրի իրավապահ մարմիններին՝ դրանով համակարգը կազատի կոռուպցիոներներից: Բայց հակառակ դեպքում կստացվի կեղծ մատնություն: Այդուհանդերձ Գեղամ Սալմազյանը բացատրեց, որ տվյալ դեպքը ոչ թե կոռուպցիա է, այլ՝ քննարկման արդյունքում կայացրած որոշում: Այդ որոշումն ի դեպ, պարոն Խաչատրյանը բողոքարկել էր գանգատարկման հանձնաժողովում, որը սակայն մասնակի էր բավարարել նրա բողոքը՝ փորձագետի տվյալները հաշվի առնելով: Արա Խաչատրյանի խոսքով, ավտոմաքսատան աշխատակիցներ կան, որոնք նախկինում էլ աշխատել են, կոռուպցիոն սխեմաներում են խառնված եղել: Ապա` պետի տեղակալին ասաց՝ դուք կամ տեղյակ չեք ինչ է կատարվում կամ տեղյակ եք՝ դուք էլ եք աջակցում: Գեղամ Սալմազյանը, սակայն պահանջեց փաստերով խոսել եւ, եթե դրանք կան, տրամադրել իրավապահ մարմիններին: Իրավապաշտպանը պետի տեղակալից հետաքրքրվեց՝ քանի՞ րոպե է պահանջվում, որ մեկ քաղաքացուն սպասարկեն: Գեղամ Սալմազյանն ի պատասխան, ասաց, որ օրական սպասարկում են 300-400 քաղաքացու 20-25 րոպեում: Պարոն Խաչատրյանն ասաց, որ երեկ իրենք ավտոմաքսատանը անցկացրել են ժամը 13-ից մինչեւ 18-ը, քանի որ մաքսազերծման հարցը այդքան ձգձգվել է:

Խաչատրյանի խոսքով, բոլորին հայտարարվում է, որ հնարավորություն կա ինվոյսային արժեքով մեքենաների մաքսազերծումն իրականացնել, եթե ինվոյսներն արժանահավատ են, բայց այդ արժանահավատության գնահատման մեխանիզմն էլ արդեն իսկ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր:

Լրագրողները պնդեցին, որ պարոն Խաչատրյանը կոռուպցիոներների անունները տա՝ ինչպես որ խոստացել էր, սակայն իրավապաշտպանը խուսափեց, նշելով, որ ինքը չի կարող այդպիսի գնահատական տալ եւ դա պիտի անեն իրավապահները, միայն ասաց, որ կասկած ունի, որ մաքսատան աշխատակիցներից մեկը՝ Նարեկը, որի ազգանունը չգիտի, կոռուպցիայի մեջ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930