Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ վարչապետը խոսում էր միկրոբիզնեսի՝ հարկերից ազատման մասին, չէր ասում, որ խոսքը Երեւանից դուրս բիզնեսի մասին է. Թանդիլյանը դժգոհում է

Հունիս 07,2019 18:05

Նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Նախագծի ընդունման դեպքում առաջիկա տարիներին տարեկան 4%-ով նախատեսված է բարձրացում ակցիզային հարկի մասով, մասնավորապես բենզինի, դիզվառելիքի, նավթամթերքի համար: Ակնհայտ է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաեւ տրանսպորտային ծախսերի ավելացում, մեծանալու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը, բարձրանալու է գյուղտեխնիկայի շահագործման ծախսերը: Ի դեպ, գյուղատնտեսությունն էլ գերակա ուղղություն ենք սահմանել: Թանկանալու են ակցիզները նաեւ քսայուղերի համար: Տրանսպորտային ծախսերի ավելացումն իր հերթին շղթայական ձեւով բարձրացնելու է ապրանքների ինքնարժեքը ու բացասաբար է ազդելու տեղական արտադրանքի ինքնարժեքի վրա, ազդելու է հասարակության լայն շերտերի վրա»:

Խաչատրյանն ասաց, որ փոխանակ գինու ակցիզները պակասեցնենք, ընդհակառակը՝ ավելացնում ենք, այն դեպքում, երբ Վրաստանը չի կիրառում ակցիզային հարկ:

Պատգամավորը կառավարությանը կոչ արեց եկամտահարկի իջեցման ճեղքը փակել ստվերի կրճատմամբ: Նա հայտարարեց, որ այս Հարկային օրենսգիրքը բավարար հիմքեր չի ստեղծում տնտեսական հեղափոխության համար ու մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք. «Ես անձամբ դեմ եմ քվեարկելու այս նախագծին»:

Նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նույնպես դժգոհեց, որ ակցիզային հարկերի առումով, այո, դարձնում են կանխատեսելի, բայց՝ կանխատեսելի վատ. «Մենք սպասում էինք, որ պետք է հուսադրող լիներ, մենք այս պարագայում ասում ենք, որ ձեր առօրյա կյանքը կանխատեսելի վատթարանալու է»: Նա հիշեցրեց, որ երբ վարչապետը խոսում էր միկրոբիզնեսի՝ հարկերից ազատման մասին, չէր ասում, որ խոսքը Երեւանից դուրս բիզնեսի մասին է. «Երեւանում գործող ձեռնարկություններին երբ հանում եք, սա, ըստ էության, անդրադառնում է շատ փոքր հատվածին ու ոչինչ չի փոխում: Այն սպասումը, որը ձեւավորել եք, նորից չեք արդարացրել»:

Թանդիլյանը նաեւ նշեց, որ ստվերի կրճատման հարցն էլ չեն դրել, հույսը միայն ՊԵԿ-ի վարչարարության վրա է, իսկ դա նշանակում է մահակի ուժով փոփոխություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930