Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «անել» բառի անհարկի գործածության մասին

Հունիս 07,2019 17:48

Գրական և ժողովրդական խոսքում «անել» բայով ճիշտ և ընդունելի բառային բազմաթիվ միավորներ ունենք․ բանաստեղծը կարող է միտք անել, բանվորը՝ գործ, խաբեբան՝ իրենով անել, իսկ գիտնականը կարող է փորձեր անել ու, ի վերջո, գյուտ անել։ Բեմադրիչը, սակայն, չի կարող ներկայացում անել։

Բերենք օրինակներ մամուլից՝  «Շատ էի ուզում այսպիսի ներկայացում անել», «Մտածում եմ անել ընթերցանություն-ներկայացում», «Մտադիր ենք Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա ներկայացում անել»։

Այսպես բեմադրիչն էլ ասում է, որ ֆիլմ է անելու: Հեռուստալրագրողները խոսում են իրենց արած հաղորդման մասին, նրանց գործընկերները՝ արած նախագծերի, մեկ ուրիշը՝ նոր ծրագիր անելու:

Կարելի է կարծել, թե մեր լեզվում ուրիշ բառեր չկան, և ինչ էլ լինի՝ ներկայացում, ֆիլմ թե հաղորդում, հնարավոր է միայն «անել»: Այդպես որոշ բառեր «գերիշխող» դիրք են ստանում, դուրս մղում հոմանիշներին, իրենց համարժեքներին կամ համապատասխան այլ բառերի և անհարկի գործածվում:

Ի՞նչ ասել է «անել ֆիլմ՝ հաղորդում՝ նախագիծ՝ ծրագիր՝ ներկայացում…»։ Մի՞թե հնարավոր չէ ֆիլմը նկարահանել, նախագիծը, ծրագիրը՝ իրականացնել կամ իրագործել, ներկայացումը՝ բեմադրել, նոր հաղորդումը՝ ստեղծել, սկսել կամ վարել․․․

Սրանք ընդամենը օրինակներ են: Կախված խոսքաշարից՝ կարելի է գործածել նաև այլ բառեր, միտքը ձևակերպել բառային այլ միավորներով:

Խոսքի նկատմամբ հարկավոր է ավելի ուշադիր լինել, ուստի ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ «անել» բառը տեղին գործածել՝  չանտեսելով տվյալ խոսքաշարին ավելի պատշաճող բառերը։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930