Լրահոս
Օրվա լրահոսը

Թունաքիմիկատների ձեռքբերման մրցույթում անհիմն մերժվել է առավել էժան և օգտավետ առաջարկ ներկայացրած ընկերության հայտը. դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Հունիս 07,2019 17:13

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների («Հրապարակ» օրաթերթի) հրապարակումների և ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. փետրվարի 2-ին հաստատել է շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգ` նախարարության կարիքների համար գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման նպատակով:

Նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից համապատասխան չափաբաժնի մասով 15.508.150 դրամ գնային առաջարկով ընտրված է ճանաչվել մի ՍՊԸ, որն առաջարկել է 250 գ/լ ցիպերմետրին ազդող նյութ պարունակող բույսերի պաշտպանության «Ցիպեր մաքսի» միջոց:

Սակայն միևնույն ժամանակ մրցույթի շրջանակում մեկ այլ ՍՊ ընկերություն ներկայացրած հայտով առաջարկել է բույսերի պաշտպանության «Ռիպկորդ» միջոց, որում ցիպերմետրին ազդող նյութը կազմում է 400 գ/լ, և որի գնային առաջարկը եղել է 12.616.800 դրամ: Սակայն գնահատող հանձնաժողովը մերժել է այս ՍՊԸ-ի հայտը` պատճառաբանելով, որ առաջարկվող թունանյութի տեսակը չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ:

Մինչդեռ վերը նշված 2 ընկերությունների առաջարկած բույսերի պաշտպանության միջոցներն էլ գրանցված են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 25.02.2011թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում և երկուսի դեպքում էլ որպես ազդող նյութ նշված է ցիպերմետրինը:

Այսինքն, առաջարկած «Ռիպկորդ» թունանյութի տեսակը, որպես բույսերի պաշտպանության միջոց, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նույնպես թույլատրված է: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատող հանձնաժողովի պատճառաբանությունն առ այն, որ վերջինս չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:

Այսպիսով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել տվյալ ժամանակ գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման պահանջը: Այսինքն առանց բավարար հիմնավորման, իրականությանը չհամապատասխանող պատճառաբանությամբ մերժել են ընտրված մասնակցից 2.891.350 դրամ պակաս գնային առաջարկով, միևնույն ազդող նյութի 150 գ/լ-ով ավելի պարունակությամբ բույսերի պաշտպանության միջոց ներկայացրած ընկերության հայտը` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930