Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պնդում եմ, որ գազի, դիզվառելիքի եւ բենզինի գծով ակցիզային հարկերի բարձրացումներից հրաժարվենք». «Իմ քայլի» պատգամավորը՝ կառավարությանը

Հունիս 07,2019 17:10

Հարկային օրենսգրքի փաթեթն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը (լուսանկարում) ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարցրեց. «Դուք ձեր խոսքում ասացիք, որ այն երկրները,որոնք եկամտահարկի համահարթ մոտեցմանն են անցել, մուտքերի կորուստ էականորեն չեն արձանագրում: Սա կարող է տարբեր բացատրություն ունենալ՝ ստվերից դուրս բերում, տնտեսական ակտիվություն, սակայն այդ երկրները ֆիսկալ ռիսկեր չեն գոյացնում այս տեսակ քաղաքականության իրացմամբ: Եթե մի կողմից սա ասում եք, մյուս կողմից 50 հազար աշխատատեղեր են ստեղծվել, ստվերից են դուրս եկել, մյուս կողմից կա 62 մլրդ-ը՝ ստվերից դուրս եկած…Եթե ռիսկերը կարող ենք կառավարելի դարձնել, ապա ո՞րն է խնդիրը, որ այնուամենայնիվ գնում ենք վառելիքի գծով ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմանը, թեկուզեւ տարեկան 4%-ով: Ինչո՞ւ չհրաժարվենք դրանից ու ուղերձ հղենք մեր հանրությանը»:

Ի պատասխան՝ փոխնախարարը հիշեցրեց, որ տարիներ առաջ կառավարությունը հանդես եկավ առաջարկությամբ սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկելու ու դրույքաչափը սահմանվեց 1000 խմ-ի համար 8330 դրամ: Անցավ 1-2 տարի, ասաց՝ չէ, 3 անգամ պետք է բարձրացնենք, որովհետեւ ֆիսկալ առումով իր խնդիրը չի լուծում, առաջարկեց 25 հազար դրամ, որը այսօր կա Հարկային օրենսգրքում: Մենք չենք ուզում 2-3 տարի հետո գանք ասենք՝ չէ, 35 հազար պետք է դարձնենք, որն ավելի ցավոտ է, որովհետեւ միանգամից է բարձրացվում ու անկանխատեսելի է, չգիտենք 6 ամիս հետո ինչ կլինի: Դրա համար կանխատեսելի ենք ուզում լինել ու էն գլխից ասել, որ տարեկան բարձրանալու է 4%»:

Փոխնախարարն ասաց, որ մենք դեռ շատ հեռու ենք այդ երանելի վիճակից, որ մտածեն՝ 50 հազար աշխատատեղ եթե ստվերից դուրս եկավ, մենք էլ եկամուտների խնդիր չենք ունենալու ու պետք չի մտածել հարկային լրացուցիչ եկամուտների մասին:

Էդգար Առաքելյանը հորդորեց մեդալի հակառակ կողմն էլ նայել՝ սոցիալական լարվածությանը. «Եթե ասում ենք, որ սպառողի աչքերով ենք նայել այս հանգամանքին,ապա չենք կարող հանգել նրան, որ պետք է վառելիքի ակցիզային հարկը բարձրացնել: Կարծում եմ, սոցիալականը միանշանակ գերակշռելու է, եթե ծանրութեթեւ անենք: Ես պնդում եմ, որ գազի, դիզվառելիքի եւ բենզինի գծով ակցիզային հարկերի բարձրացումներից հրաժարվենք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում»:

Փոխնախարարը չհամաձայնեց, ասելով, որ տարբերակված մոտեցում է լինելու: Այնուամենայնիվ, նա ասաց, որ պատրաստ են քննարկել ու միգուցե գտնեն, որ 4%-ը բարձր է, իջեցնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930