Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախի հարցում պատասխանատվությունից. Արմեն Աշոտյան

Հունիս 07,2019 16:57

«Նիկոլ Փաշինյանն Արցախյան հակամարտության հետ կապված ռազմավարություն չունի: Երբ օրերս պատմում էր, որ Արցախի ղեկավարության հետ կիսել է իր ռազմավարությունը, մի քիչ լավ հիշողություն ունեցող մարդիկ հիշեցին, որ մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ–ում խոստովանում էր, որ չունի ռազմավարություն, ասում էր` գրեք, տվեք, գնամ ներկայացնեմ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում, նա վախենում է եւ ճիշտ է անում, որ վախենում է պատերազմից, որովհետեւ որեւէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց այդ վախերով հանդերձ, նա քայլեր չի ձեռնարկում, որ ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերիներին, որոնց մենք առերեսվում ենք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`վերահաստատելով մեկ տարի առաջվա իրենց կարծիքը:

Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որն Արմեն Աշոտյանի գնահատմամբ, առաջացել է Նիկոլ Փաշինյանի «ապաշնորհ» կառավարման պատճառով, լի է բազմաթիվ վտանգներով. «բախտներս բերել է, որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի իմաստուն է» եւ չի տրվում Փաշինյանի սադրանքներին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, թե «Արցախի ղեկավար կազմը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը», Արմեն Աշոտյանը նկատում է` վարչապետն աշխատում է կարճ հիշողություն ունեցող մարդկանց համար եւ հիշեցնում. «Երբ Սերժ Սարգսյանը գնում էր Ղարաբաղ եւ օրերով մնում այնտեղ, հանդիպումներ ունենում, դուք՝ սիրելի լրագրողներ, մանրամասներ էիք գրում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատմում եւ համոզում փոխզիջումների մասով»:

Բանախոսի գնահատմամբ`Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու խաղաքարտը բոլոր իշխանություններն էլ օգտագործել են, բայց Նիկոլ Փաշինյանը տապալեց միակ լավ բանը, որն ինքն արել էր. «Երբ այդ պնդումը դառնում է բանակցային գործընթացի հիմնական թիրախ, երկրորդ պլան է մղվում՝ հանուն ինչի՞ է, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այսինքն, որքանո՞վ է հաշվարկված Արցախի վերադարձը ռազմավարական հետևանքների տեսանկյունից: Արցախի վերադարձը կարող է լինել միայն միջոց՝ նպատակներին հասնելու համար: Երկրորդ՝ վստահ եմ, որ ՄԽ համանախագահների կողմից սա իրատեսական չի համարվում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այնքան ապաշնորհ ձեւով կյանքի կոչեց այդ գաղափարը, ավելի ճիշտ՝ կյանքի չկոչվեց: Ղարաբաղի՝ բանակցային գործընթաց վերադարձի մասով պետք էր պայմանավորվել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, եւ «3+Հայաստան» ձեւաչափով դեմ տային Ադրբեջանին: Արցախի վերադարձը չպետք է ինքնանպատակ լինի, այդ բանակցային լյուֆթը միշտ եղել է, մենք էլ ենք միշտ ասել, իսկ Կազանից հետո Արցախը պետք է վերադառնար համապարփակ խաղաղություն կնքելու գործընթացին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930