Լրահոս
Օրվա լրահոսը

Շքեղության ու ունեցվածքի հարկի հարցը՝ ԱԺ-ում. Թանդիլյանն առաջարկում է շքեղ մեքենաների հարկ մտցնել

Հունիս 07,2019 16:22

ԱԺ-ն հրավիրել է արտահերթ նիստ, օրակարգի հիմնական հարցը Հարկային օրենսգրքի փաթեթն է:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանը մեղադրեց, որ «շիլափլավ» են ստեղծել: Նա ասաց, որ ժամանակին ինքն առաջարկում էր, որ 115 մլն շրջհարկի շեմը չիջեցնեն, անարդարություն է լինելու, իրեն չեն լսել. «Չպետք է իջեցվեր 58 մլն-ի: Որոշ մարդիկ գիտե՞ք ինչ են անում, 50 մլն-ից հետո էլ ՀԴՄ չեն խփում, որ շեմը չհատի: Էդ շիլափլավը ստեղծվել է նրա արդյունքում, որ ճիշտ բան են առաջարկում, չեք ընդունում: Էն ժամանակ բերեիք փոփոխությունները, որեւէ մեկը ձեր ձեռքը բռնե՞լ էր»:

Մելքումյանը նաեւ հարցրեց համահարթ եկամտահարկի հետ կապված՝ 1 մլն դրամից ավելի կամ 2 մլն-ից ավելի աշխատավարձ ստացող քանի՞ մարդ է ՀՀ-ում, 640 հազարից, 355 հազարը ստանում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ, տվյալ փուլում որեւէ կերպ չի ազդում նրանց վրա:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Մելքումյանին պատասխանեց, որ կառավարությունը ժամանակին մերժել է նրա առաջարկը, որովհետեւ տեղային լուծում է դա եղել, առաջարկել է փոփոխություն, որը բյուջեի վրա կորուստ է թողնելու, բայց դրա փոխարեն որեւէ լուծում չի առաջարկվել: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Պողոսյանն ասաց, որ իհարկե, ՀՀ-ում 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողների թիվը ծայրահեղ ցածր է՝ 1320 հոգի, կամ 1 մլն դրամից ավելի ստացողերի թիվը՝ մոտ 6000 հոգի, այսինքն, ամբողջ վարձու աշխատողների 1 տոկոսը: Ու սա պատճառներից մեկն է, որ առաջարկվում է համահարթ մոտեցում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ հարկման քաղաքականությունը պետք է լինի հարստությունը հարկելու տրամաբանությամբ:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի քննարկում էին գույքահարկի հարցը, որը ըստ շուկայական արժեքի հարստությունը, գույքը հարկելու համար էր. «Անցել է մեկ տարի, որեւէ փոփոխություն այդ մասով չեմ տեսնում: Անուղղակի հարկերը դեպի տանելով՝ մարդկանց սոցիալական վիճակն եք վատացնում: Շքեղության հարկի հնարավորություն կա, նաեւ առանձնատները հարկեք, որոնք անհասկանալի ծագման են, շքեղ մեքենաների անհասկանալի ծագման հարկումը, այս մասով քննարկում իրականացնո՞ւմ եք»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ակցիզային հարկի բեռն ավելացնում են, որովհետեւ այդ հարկը ՀՀ-ում 4-5 անգամ ավելի ցածր է, քան աշխարհում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներում. «Բայց ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ՝ թիրախում ունեցվածքի կամ հարստության հարկումն է: Հենց այս պահին ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստն է ընթանում, կառավարության որոշումն է քննարկվում նախ, որտեղ Կադաստրի կոմիտեն նոր գոտիականություն, նոր գնահատում ու քարտեզագրում է առաջարկում ամբողջ ՀՀ-ում»: Գույքահարկը, ըստ քննարկվող նախագծերի, պետք է հաշվարկվի ոչ թե կադաստրային արժեքից, այլ՝ շուկայական արժեքին մոտարկված արժեքով: Կարող է մեկը ժառանգած մեծ գույք ունի, բայց սոցիալապես անապահով է, մեծ խնդիրներ կունենա այդ գույքահարկը վճարելիս, ուստի նախագծով պետք է լուծում տան նաեւ այդ դեպքերի համար: Նախագիծը, ըստ պարոն Պողոսյանի, այս ամսվա ընթացքում կգա ԱԺ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930