Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին հանդիպել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Հունիս 07,2019 15:59

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ խորհրդարանում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ՀՀԿ փոխնախագահին հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները ՀՀԿ-ի իշխանությանը ապրիլյան պատերազմից հետո: Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով ՀՀԿ-ին, ասել էր, որ «նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»:

«ԱԺ-ն ինքնին քաղաքական մարմին է, այն չի տալու որեւէ ավելի բան: Այն հանգամանքը, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ-ում՝ անկախ անդամներից, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է եւ մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետեւ հանձնաժողովի ներկայիս կարողությունները ոչ արտաքին քաղաքականության, ոչ էլ անվտանգային ոլորտում մեծ հույսեր չեն ներշնչում: Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր, որը նա հանեց այն օրերին, երբ իր իշխանության մասով խնդիր կար, ուստի «գրպանից» հանեց դա, թե դուք տենց, ես էլ` սենց: Սա է՝ մանկապատանեկան ընկալումների մեջ տարվող պրոցես, որով Փաշինյանը երկու նապաստակ է ուզում խփել: Նախ`ստեղծել իր համար անհարմար մարդկանց նկատմամբ քաղաքական ճնշման լծակ, իսկ իր համար արդեն կոմֆորտային չեն Արցախի իշխանությունները, Սերժ Սարգսյանն էլ երբեք կոմֆորտային չի եղել, երկրորդ՝ պարբերաբար հանրային ուշադրությունը շեղել նման տեսակի քննարկումների ու բացահայտումների վրա: Տեսեք, որ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության, դատական գործի եւ ապրիլյան պատերազմի քննող հանձնաժողով ստեղծելու հիմնավորումների բառապաշարը չի փոխվել, պարզապես «մարտի 1-ը» հանել են և դրել «ապրիլյան պատերազմ», և էլի խոսում են զոհերից, շահարկում նրանց հիշատակը»:

Արմեն Աշոտյանը հիշեցնում է` ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու նպատակ էր հետապնդում: «Քննիչ հանձնաժողովը ձեր ցիտատից հետո կարող է Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ քննարկման հրավիրել: Նրանք պարտավոր են հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ ստանալ պարզաբանում, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ ՌԴ-ն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»:

ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ՀՀԿ-ի առնչությամբ ավելի սուր արտահայտություններ է հնչեցրել, բայց այդ դաշտ վերադառնալն անշնորհակալ գործ է համարում, այլապես կհիշեցներ նաեւ Նիկոլ Փաշինյանի քննադատությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր թիմակիցների եւ ոչ թիմակիցների հասցեին:

Հարցին` Սերժ Սարգսյանը կհրավիրվի՞ քննիչ հանձնաժողով` բացատրություններ տալու, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ նման հրավեր դեռ չեն ստացել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով Քոչարյան-Սարգսյան վերջերս կայացած հանդիպմանն էլ, Արմեն Աշոտյանն ասաց, որ հանդիպման ընթացքում որեւէ քաղաքական օրակարգ չի քննարկվել: Իսկ այն, որ ՀՀԿ-ն սատարում է Ռոբերտ Քոչարյանին, պետք է ընկալել ոչ թե շահերի համընկնում, այլ որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը շինծու է. «Այս պահին մեր թիմերի միջեւ ապագայում համագործակցելու ծրագրեր չկան: ՀՀԿ-ի սատարումը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ քաղաքական ընդհանուր ապագայի տեսլականով: Նման գործընթաց անգամ Ռոբերտ Քոչարյանը չի հարուցել»:

Լրագրողը հակադարձեց`երկու նախագահների հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը դատարանում Սերժ Սարգսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց: Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ջանքերը, որոնք գործադրում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր քաղաքական համագործակցությունը կանխելու համար, ես տեսնում եմ: Հիշեցնել տարբեր ցիտատներ՝ տարբեր ժամանակներում միմյանց մասին արված` նշանակում է չգիտակցել, որ դրա պատասխանը տասնապատիկ մեծ է: Հանդիպումը մարդկային էր: Դուք ընկերներ ունե՞ք, նրանց մեջ կա՞ն այնպիսիք, որ գժտվել եք, հետո իմացել եք, որ գլխին սարքում են, փորձե՞լ եք օգնել՝ անկախ նրանից, որ նախկին մտերմությունը չկա, չե՞ք գնացել նրան տեսնելու: Հիմա այդ հանդիպումն ընկերական, մարդկային բացատրություն ունի ինձ համար, եւ որքան էլ երկրորդ և երրորդ նախագահներն են, քաղաքական գործիչներ են, բայց տակը մարդկային վերաբերմունք եմ տեսել, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանին վիրահատությունից հետո նրա առանձնատուն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930