Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը` սեւազգեստ խմբերի ու ծաղկավոր «բաբոչկաների» մասին. «Շոուները պետք է թարգել»

Հունիս 07,2019 15:28

«Շատ ցավալի է, որ հարցը հասնում է վարչապետի մակարդակի, ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները պետք է իրենց գործառույթները կատարեին, եթե հանրային վայրերում տեղի են ունենում օրինախախտ երեւույթներ»,-«Մեդիա կենտրոնում» կայացած «Բռնության և ատելության կոչերը սոցիալական ցանցերից` իրականություն. հետևանքներ և իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը` արձագանքելով վարչապետի այն հանձնարարությանը, որով իրավապահներին կոչ էր անում ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության քարոզ հնչեցնողներին: Նրա խոսքերով, տարիներ շարունակ, ոստիկանությունը, դատարանները, դատախազությունը կախված են եղել ուղիղ հրահանգներից, եւ դա նրանց ինչ-որ տեղ սովորեցրել է օրենքի շրջանակներում չգործել ու սպասել հրահանգների:

«Այսօր եւս այդ անգործությունը ցուցաբերվել է, քանի որ հրահանգները չկային»,-նշեց իրավապաշտպանը: «Ցավոք, այսօր տեղի է ունենում ֆիզիկական բռնություն, եւ տեսնում ենք, որ հանրային կշիռ ունեցող դեմքերը սկսում են հպարտանալ դրանով, որ իրենք են ծեծել: Եվ այդ ֆլեշմոբերը տալիս են ազդակ, որ հասարակության մեջ բռնության քարոզը հասել է բավական լուրջ աստիճանի, եւ դրան պետք է արձագանքել ու վերջ տալ: Դրա համար էլ վարչապետի մոտ հասունացել է այն պահը, որ ինքը պետք է միջամտի իրավիճակին»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի ասած սեւազգեստ խմբերին ու «ծաղկավոր բաբոչկաներ հագցնելուն», իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց. «Նման հայտարարություն անելու համար վարչապետը պետք է ունենար 100 կամ 1000 տոկոսանոց ստուգված ինֆորմացիա: Եթե դա ստուգված էր, իրավապահ մարմինները պարտավոր էին արձագանքել: Ու ինչ իմաստ ունի էդ շոուները սարքել կառավարության նիստերին, թե սեւազգեստ խմբեր, չգիտեմ կարմիր, ծաղկավոր «բաբոչկաներ»…Այդ շոուները պետք է թարգել: Սա անհանգստություն է մտցնում հասարակության մեջ: Ի՞նչ է նշանակում կառավարության նիստի ժամանակ պետական լուրջ հարցերը թողած՝ նստում զբաղվում են մեկ-երկու կառույցի հարցերով:

Ես լուրջ կասկածներ ունեմ` առհասարակ ո՞ւմ են ծառայում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, եթե մինչ այսօր այդ հարցերը լուծված չեն… Շոուներով հերիք է մարդկանց ներվերի հետ խաղաք ու տպավորություն ստեղծեք, թե գործ եք անում…»:

Նա նաեւ ավելացրեց. «Այո, սեւազգեստ հագուստով մարդիկ եղել են նախկինում, նախորդ հանցավոր ռեժիմի ժամանակ, ինչ-ինչ հարցեր լուծելու համար հավաքվել են, հաբեր են կուլ տվել, ինչպես ՊՊԾ գնդի ժամանակ կամ հեղափոխության օրերին հիշում եք, թե ինչ արեցին Թումանյան-Մաշտոց խաչմերուկին»:

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանը նշեց, որ ատելության խոսքի սահմանափակման առումով օրենսդրությունն անկատար է, եւ եթե կոնկրետ գործողություն կատարողները կարող են պատժվել, ապա ատելության խոսք տարածողները` ոչ: Նրա խոսքերով, եթե վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը, իրավապահ մարմինները կարող էին կանխարգելել: Մադոյանը կարծում է, որ այնուամենայնիվ ինչ-ինչ քայլեր կարվեն, պարզապես ինչ-որ շոու էր պետք, որովհետեւ բռնությունը հասարակության մշակույթում ընդունված երեւույթ է:

Հովհաննես Մադոյանի խոսքով, վարչապետի ասած «ծաղկավոր բաբոչկա» հագցնելը պատկերավոր արտահայտություն է` ուղղված նախկիններին, իրենց ենթամշակութային արժեքներին հարված հասցնելու իմաստով է ասված:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930