Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը զիջումների է գնացել. Նոր Հարկային օրենսգրքի փոփոխությունները՝ ԱԺ-ում

Հունիս 07,2019 15:13

ԱԺ-ն հրավիրել է արտահերթ նիստ, օրակարգի հիմնական հարցը Հարկային օրենսգրքի փաթեթն է:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը (լուսանկարում) նախագիծը զեկուցելիս ասաց, որ մինչեւ փաթեթը պատրաստելը վերլուծություններ են արել ու ախտորոշել տնտեսության վիճակը. «Վերջին տարիներին տնտեսության զարգացումը երկու վտանգավոր միտումներ են ունեցել՝ արտահանմանը միտված ոլորտներում շահութաբերությունը շուրջ 40-50%-ով ավելի ցածր է, քան ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտներում: Ներդրումները հոսում են ավելի շահութաբեր ոլորտներ ու արտահանմանն ուղղված ոլորտներում ավելի քիչ ներդրումներ են կատարվում, փոքր տնտեսությունների համար սա մարտահրավեր է: Ինչպես աջակցել արտահանող տնտեսություններին ու ապահովել երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճ այն պայմաններում, երբ արտահանումը ազատված է ակցիզային հարկից ու ԱԱՀ-ից, պատասխանն այս է՝ պետք է ապավինենք ուղղակի հարկերին»: Կառավարությունը որոշել է 2%-ային կետով շահութահարկի դրույքաչափը նվազեցնել եւ ներդնել եկամտահարկի համահարթ դրույքաչափ՝ տարիների ընթացքում այն նվազեցնելով մինչեւ 20%:

Բնականաբար, այդ դեպքում հարկային մուտքերի կորուստ է լինելու, մասնավորապես, եկամտահարկի կորուստները 27,5 մլրդ դրամ են գնահատվել, շահութահարկի գծով կորուստը գնահատվել է 11 մլրդ դրամ, բայց կարող է ավելի մեծ լինել: Թե ինչպես պետք է փոխհատուցեն այս կորուստները՝ անուղղակի հարկերի դրույքաչափի բարձրացման հաշվին: Կառավարությունը գտնում է, որ ակցիզային հարկի գծով բեռը պետք է մեծացնել, այլ երկրների հետ համեմատած մեր երկրում ցածր է:

Կան նաեւ համակարգային նշանակության փոփոխություններ: Մասնավորապես, հինգաստիճան հարկային համակարգի փոխարեն առաջարկվում է ունենալ 3-ը: Օրինակ, այսօր ՓՄՁ-ների համար 4 հարկային համակարգ կա: Հարկային համակարգերն են՝ ինքնազբաղված անձանց համակարգ, ընտանեկան ձեռնարկատիրության, շրջանառության հարկման համակարգ, արտոնագրային եւ ԱԱՀ վճարողների հարկային համակարգ: Հետևաբար` առաջարկվում է նվազեցնել ու պարզեցնել սա: Օրինակ, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի եւ ինքնազբաղված անձանց համակարգի փոխարեն պետք է ներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության համակարգ, ընդ որում, ոչ թե մեխանիկորեն, այլ՝ ընդլայնելով միկրոձեռնարկատիրության միջավայրը:

Խաղային ձեռնարկատիրության ոլորտներին նույնպես անդրադարձ կա, սրա մեջ մտնում են տոտալիզատորները, վիճակախաղերը, շահումով խաղերը եւ այլն: Հիմա որոշվել է տնտեսության կառուցվածքը փոխել, այն ոլորտներին տեղ տալ,որոնք իրական արժեք են ստեղծում: Իսկ այս ոլորտից հավաքագրվող հարկերը իրենց շրջանառության հետ անհամեմատելի ու անհամատեղելի են: Կազմակերպվող վիճակախաղերի տոմսերի հաշվարկման համակարգ է ներդրվելու, գործունեության այս տեսակի պետտուրքն էլ ավելանալու է 20 տոկոսով:

Գրավատների, փոխանակման կետերի գործունեության համար նախատեսված դրույքաչափը նախատեսվում էր էականորեն բարձրացնել ու փոխանակման կետերի համար դարձնել 3 մլն դրամ, գրավատների համար՝ 6 մլն դրամ: Տնտեսական հարցերի հանձնաժողովում այս հարցով քննարկումներից հետո կառավարությունը փոխզիջումային տարբերակ է ընտրել՝ խոցելի խմբերի բեռը կիջեցվի:

Անհատ տաքսիստները կազատվեն պետտուրքից առհասարակ, կառավարությունը սոցիալական խնդիր է սրանով լուծում, որովհետեւ մարդիկ օրվա հացի փող են աշխատում՝ իրենց սեփական մեքենաներով:

Մյուս փոփոխությունը հանրային սննդի կազմակերպման ոլորտին է առնչվում: 2018-ի հուլիսից այդ գործունեությունը շրջանառության հարկմամբ է հարկվում, արտոնագրային հարկման փոխարեն ու նախատեսվում էր շրջհարկի տոկոսը բարձրացնել տարեցտարի շարունակաբար: Սակայն քննարկումներից հետո հանգել են եզրակացության, որ եթե բարձրացնեն հարկը, դա մարտահրավեր կլինի ոլորտի հետագա զարգացման համար, կազդի նաեւ տուրիզմի վրա, որը գերակա ոլորտ է ու համաձայնել է գնալ զիջումների, որի արդյունքում բյուջեն կտուժի տարեկան 950 մլն դրամի չափով:

Բեռնափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ճանապարհային հարկը հանվելու է՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական ոչ նպաստավոր դիրքը եւ այն, որ մենք այլընտրանքներ շատ չունենք: Նաեւ առաջարկվում է, որ կառավարությունը սահմանի արտերկրում կատարվող փաստաթղթավորման ճկուն համակարգ, որ շահութահարկն է ճիշտ հաշվարկվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930