Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի պատանդների թոփ եռյակն, ըստ Արմեն Աշոտյանի` Դավիթ Տոնոյան, Արթուր Վանեցյան, Զոհրաբ Մնացականյան

Հունիս 07,2019 14:41

«Նիկոլ Փաշինյանն ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն`ամփոփելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության մեկ տարին: Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ: «Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց եւ վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհներ է ձեռնարկում, այսպես կոչված դիմադրության օջախների վրա: Այդ շարքը կարող ենք շարունակել՝ սկսելով դատական իշխանությունից, հիշելով ԵՊՀ-ն, հավելելով Աբովյանը… Նա չի հանդուրժում, եւ չի հանդուրժելու որեւէ վայր, որեւէ ինստիտուտ, որեւէ քաղաք կամ հաստատություն, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ձեւավորել տոտալ վերահսկողության երկիր»,-ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ունենք մի երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ`կառավարության նիստերին հանձնարարություններ տալն է ուժայիններին` «որեւէ մեկին ցբխելու»:

ՀՀԿ-փոխնախագահի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ապացուցում է, որ որեւէ աղերս չունի մեր երկրի արտաքին եւ ներքին մարտահրավերների հետ: Համարժեք չէ առկա մարտահրավերներին եւ այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսեւորվում է յուրաքանչյուր շաբաթ, այլեւ խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի եւ Արցախի շուրջ: Օրվա թրենդին համարժեք, ՀՀԿ փոխնախագահը հումորով բնութագրեց իրավիճակը. «Մեր սեւ հոգսերը եւ ձեր վարդագույն «բաբոչկաները»:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ թյուր կարծիք է ձեւավորվել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը, իր հետ համաձայն չլինող մարդիկ. «Հետեւելով, թե ինչպես են կառավարության անդամները փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող անլուրջ եւ անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ` Արցախի հետ կապված, պետական դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել՝ Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը եւ Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղել, լղոզել Նիկոլ Փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:

Բանախոսը ՀՀ-ի դիմադրողականության անկում է արձանագրում նաեւ արտաքին աշխարհում: Այս համատեքստում, Արմեն Աշոտյանի համար ցավալի է, որ մեկ տարի առաջ հիմնականում գործողության մեջ դրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզն այս իշխանությունը հաստատեց միայն ընթացիկ տարվա հունիսի 1-ին: Ավելին, Արմեն Աշոտյանի համար առավել անհասկանալի է, որ այն ոչ թե կառավարության որոշման, այլ վարչապետի որոշման ուժով հաստատվեց. «Անցյալ տարի հունիսի մեկից ուժի մեջ մտած պայմանագիրը մեկ տարի հետո նոր միայն ՀՀ կառավարության կողմից իրականացման ռազմավարություն է ստանում: Ի դեպ, ԵՄ-ն ակնկալում էր, որ այդ ճանապարհային քարտեզը պետք է հաստատվի կառավարության որոշմամբ եւ ստանա օրենքից մի նշաձող ներքեւ իրավական ուժ: Այդպես էր պլանավորված, մինչդեռ այն ստացել է ընդամենը վարչապետի որոշման իրավական լուծում»:

ԵԽ նոր ընտրություններով ձեւավորված եւ «շատ բզկտված, ֆրագմենտացված» տեսք ունեցող Եվրոպական խորհրդարանում, բանախոսի կարծիքով, Հայաստանի աշխատանքը բարդ է լինելու, քանզի ստիպված են լինելու աշխատել ոչ թե 1-2 քաղաքական խմբավորման կամ երկրի հետ, այլ բազմաթիվ: Երկրորդ, Եվրոպական միությունը մեծ դժվարությամբ է ունենալու միասնական արտաքին եւ պաշտպանական քաղաքականություն, որը որոշակի մարտահրավերներ պարունակող իրողություն է, հատկապես անհանգիստ տարածաշրջանների համար, ինչպիսին Հարավային Կովկասն է եւ առավել պակաս շահագրգռություն է ունենալու Արեւելյան գործընկերության զարգացման առումով:

Իսկ այն, որ ՀՀ-ն ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձեւի դեմ՝ կապված Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի փախստականների կարգավիճակի հետ, Արմեն Աշոտյանն այսպես է մեկնաբանում. «ՌԴ-ն չի հասկանալու ՀՀ-ի այս ժեստը, եւ Հայաստանը չի շահելու այս նոր դիրքավորման շնորհիվ: Այսինքն՝ դժվար մեր իշխանությանը հաջողվի այս մի քվեարկությամբ Վրաստանին պոկել թուրք-ադրբեջանական քաղաքական տանդեմի ճիրաններից»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930