Լրահոս
Օրվա լրահոսը

Հարբած, սեւազգեստ ոստիկանները լավ ծեծել են գործից տուն գնացող քաղաքացուն. Գորգիսյանն ահազանգում է, Արարատ Միրզոյանն էլ բողոքում՝ մի «դրամատիզացրեք»

Հունիս 07,2019 14:13

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին՝ հայտարարեց. «Երեկ գիշեր մի դեպք է կատարվել, որը չէր կարող անարձագանք մնալ: Երեկ գիշեր քաղաքացին, փակելով իր վարձակալած տարածքի դռները, պատրաստվում էր տուն գնալ, նրան մոտեցել են երկու սեւազգեստ մարդիկ՝ հարբած: Ներկայացել են՝ որպես ոստիկան ու կասկածելով, որ մարդը թալանում է այդ տարածքը, փորձել են հրելով նստեցնել մեքենան: Քաղաքացին պահանջել է թղթերը, իրոք, պարզվել է, որ ոստիկաններ են: Ոստիկանները, ծեծելով մարդուն մտցրել են մեքենան, շարունակել են ծեծը մեքենայի մեջ, մարդուն հասցրել են ոստիկանական բաժանմունքի մոտ, հանել են մեքենայից, բաժանմունքից դուրս են եկել էլի ոստիկաններ, շարունակել են ծեծել քաղաքացուն եւ հետո  մոտեցել է մի ոստիկան, ով ճանաչել է քաղաքացուն, ենթադրաբար, դա թաղայինն է եղել, ասել է՝ հա, ես ճանաչում եմ, նա այդ տարածքի վարձակալն է եւ ասել են՝ լավ, դե գնա: Այսինքն, քաղաքացուն բռնել են, ծեծել եւ բաց են թողել՝ ոչ մի բանի համար»:

Գորգիսյանն ասաց, որ արդեն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, սա չպետք է անհետեւանք մնա. «Ոստիկանապետի ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա: Ցավում եմ, որ վարչապետի հորդորը սեւազգեստ մարդկանց դեմ պայքարելու ոստիկանություն այսպես է ընկալել»: Նա կոչ արեց ամենախիստ պատժի արժանացնել նման ոստիկաններին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Բայց պարոն Գորգիսյան, դրամատիզացնելու ի՞նչ կարիք կա որ, հանցագործություններ բոլոր երկրներում էլ տեղի են ունենում, դիմեք պատկան մարմիններին, ի՞նչ ա եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930