Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական մամուլում շատ ավելի բարձր դիրքերում է լուսաբանման տեսանկյունից, քան Ալիևը. Տաթև Հայրապետյան

Հունիս 07,2019 13:22

Պատերազմի վտանգ ու ռիսկ միշտ եղել է ու լինելու է: Ելնելով Ադրբեջանի տարածքում զարգացումներից՝ հիմա քիչ հնարավոր եմ համարում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ էսկալացիայի, բայց պարբերաբար փորձում է ուժի ցուցադրումով հանդես գալ»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նա փաստեց՝ հունիսի 8-11-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կմեկնարկի թուրք-ադրբեջանական համատեղ «Անդրդվելի եղբայրություն» խորագրով զորավարժությունը ու հիշեցրեց. «Անցյալ տարվա գրեթե միևնույն ժամանակահատվածում ևս տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կարսում. դրանք ոչ առաջինը, ոչ վերջինն են, որոշակի ուղերձներ պարունակում են: Վերջին շրջանում նաև մայիսին Ադրբեջանը զորավարժություններ կազմակերպեց արդեն արցախաադրբեջանական սահմանի շրջանում: Այս բնույթի զորավարժությունները գտնվում են Հայաստանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո, հավելյալ տագնապի կարիք չենք տեսնում, ուշի ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին»:

Ըստ Տաթև Հայրապետյանի՝ Ադրբեջանը ԱԳ նախարարների հանդիպման նախօրյակին նման պահվածք է ցուցաբերում: Նա մեկնաբանեց. «Այս ֆոնի ներքո Ադրբեջանը մշտապես փորձել է ուժ ցուցադրել: Նա տարիներ շարունակ փորձել է իր չհարձակվելը ներկայացնել որպես կարևոր զիջում, բայց ներկա դրությամբ դա ամբողջությամբ ձախողված է: Հայաստանի հայտարարությունները բավականին ծանր տարան Բաքվում: Այս ուժի ցուցադրման փորձերն ուղղված են նաև իրենց ներքին լսարանին: Վերջին շրջանում նավթի գների անկումը ևս անդրադառնում է Ադրբեջանի վրա՝ որոշակի խնդիրներ առաջ բերելով»:

Հարցին՝ Հայաստանում վերջին շրջանում տարածված հայաստանցի-արցախցի տարանջատումն Ադրբեջանում օգտագործո՞ւմ են հօգուտ իրենց, Տաթև Հայրապետյանը պատասխանեց. «Վերջին շրջանում ընդհանրապես Ադրբեջանում շատ-շատ են խոսում ՀՀ-ի և Արցախի մասին: Իմ դիտարկմամբ՝ նյութերի երևի կեսից ավելին վերաբերում են Հայաստանին: Ինչպես հայկական մամուլն է շարունակ լուսաբանում վարչապետ Փաշինյանին, այնպես էլ ադրբեջանական մամուլը ջանք չի խնայում լուսաբանել վարչապետին: Նա շատ ավելի բարձր դիրքերում է լուսաբանման տեսանկյունից, քան Ալիևը: Ինչ վերաբերում է հայաստանցի-արցախցի բաժանմանը, Հայաստանում իրականում այդպիսի բաժանում չկա, արհեստական մտցված դիսկուրս է: Նույն կերպ գյումրեցի-երևանցի են անում: Բայց դա խորքային բնույթ չունի»:

ՀՀ ԱԺ պատգամավորը նկատեց՝ Ադրբեջանում գնալով ավելի շատ են սկսում Արցախի դե ֆակտո իշխանությունների մասին խոսել՝ դրանով նաև որոշակի լուսաբանում բերելով, քանի որ սովորաբար իրենք լռում են դրա մասին. «Ցանկացած խնդրահարույց թվացող գործընթացի մեջ դրական էլեմենտներ կարող են լինել: Փաստացի իրենց մամուլը շարունակ անդրադառնում է, տեսնում են Արցախի պաշտոնյաներին»: Այնուհետև իր իսկ բնորոշմամբ հեգնանքով եզրափակեց. «Միգուցե դա նաև նախապատրաստում է Արցախի վերադարձը բանակցային սեղա՞ն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930