Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյան. Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի տարի ես անտարբեր չեմ եղել համալսարանում ընթացող գործընթացներին. «Հայկական ժամանակ»

Հունիս 07,2019 13:06

ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանի հետ զրուցել ենք բուհում առկա մթնոլորտի, ռեկտորի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորության վերաբերյալ։

– Մինչեւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն-նշանակումը մամուլը գրում էր, որ ձեր թեկնածությունը նույնպես պետք է առաջադրվի, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ։ Իսկ կմասնակցե՞ք ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, երբ այն հայտարարվի։

– Ամբողջ խնդիրը հետեւյալն է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կամ ընտրության գործընթացը կանոնակարգված չէ։ Պատճառները հասկանալի են։ Մինչեւ երկրում իրավիճակի փոփոխությունը որեւիցե մեկի մտքով չէր անցնում, որ կարող է այդպիսի խնդիր առաջանալ, քանի որ նախկինում նույնիսկ ռեկտորի ընտրության կանոնակարգն էր զուտ ձեւական պահանջ, որովհետեւ իմ կարծիքով կանխորոշված ընտրություններ էին։ Հիմա ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման այդ գործընթացը, որը տեղի ունեցավ, ոչ մի իրավական ակտից չէր բխում՝ ովքե՞ր կարող են առաջադրվել ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ի՞նչ պահանջների պիտի բավարարեն, ո՞վ կարող է առաջադրել եւ այլն։ Հոգաբարձուների խորհուրդն ինչ-որ մի տարբերակ ընտրեց ու դրանով առաջնորդվեց։

Ինչ վերաբերում է իմ անձին, քանի դեռ կար գործող ռեկտոր, ես նման հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ թափուր պաշտոնի դեպքում միայն մարդ կարող է մտածել հավակնել կամ չհավակնելու մասին։ Այսօր թափուր է պաշտոնը, բայց այսօր էլ ընտրական գործընթաց չկա հայտարարված։ Եվ հիմա խոսել ապագայի տրամադրությունների մասին, կարծում եմ՝ վաղաժամ է։ Երբ որ մրցույթը հայտարարվի, իրավիճակից կախված, տրամադրությունից կախված համապատասխան որոշում կկայացվի՝ մասնակցել կամ չմասնակցել։ Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի տարի ես անտարբեր չեմ եղել համալսարանում ընթացող գործընթացներին։ Առավել եւս ձեզ ծանոթ են իմ դիրքորոշումները տարբեր աղմկահարույց հարցերի վերաբերյալ։ Շուրջ երկու տասնամյակ ես այստեղ ինչ դիրքորոշում ունեցել եմ, դա չի փոխվել, մնացել է նույնը։ Ես տեսնում եմ խնդիրներ, ես ինչ-որ տեսակետներ ունեմ, առայժմ ինձ մոտ ոչինչ չի փոխվել։ Երբ որ կհայտարարվի մրցույթ, այն ժամանակ նոր կարելի է քննարկել նման հարց։

– Պարոն Դումանյան, վերադառնալով ձեր այն դիտարկմանը, որ, քանի դեռ ռեկտորի պաշտոնը թափուր չէր, լարվածություն կար: Կմանրամասնե՞ք՝ հատկապես ինչ լարվածության մասին է խոսքը։

– Լարվածությունն ակնհայտ էր։ Պարբերաբար հրավիրվող ասուլիսներ, ժողովներ, գիտխորհուրդներ, որտեղ քննարկվում էր նախարարն այսպես ու այնպես ասաց, հետո նախարարն արձագանքում էր այդ ամենին։ Երբ որ նայեք այդ հայտարարությունների ձեւակերպումներին, ակնհայտ լարվածություն էր, որովհետեւ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում, ռեկտորն ասում էր՝ ինձ ճնշում են։ Այս մթնոլորտում շատ բարդ էր, եւ բոլորը լարված էին։ Լավը չէր այդ մթնոլորտը։ Հիմա, քանի որ ռեկտորը հրաժարական է տվել, կոպիտ ասած, իր խնդիրը, որպես ռեկտորի չի քննարկվում եւ այդ թեման կարծես թե փակ է այլեւս։ Հիմա ուրիշ խնդիր կա, որ համալսարանում իմ կարծիքով պետք է տրվեն որոշակի գնահատականներ նախկինում տեղի ունեցած որոշ աղմկահարույց խնդիրների շուրջ համալսարանի դիրքորոշման վերաբերյալ։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930