Ապրիլյան պատերազմից հետո շատ կարճ ժամանակում առաջնագիծն ամրապնդվեց, հսկայածավալ աշխատանքներ կատարվեցին, մեծ գումարներ ծախսվեցին, ընդ որում՝ որոշ տեղեկությունների համաձայն, այդ գումարների զգալի մասը տվեցին բարձրաստիճան պաշտոնյաները՝ իրենց թալանածից։ Այսինքն՝ այդ գումարները կային։ Հարց է ծագում՝ անպայման ապրիլյան պատերա՞զմ պիտի լիներ, որ իշխանությունները մտածեին առաջնագիծն ամրացնելու մասին, մինչ այդ չէի՞ն կարող անել։ Մինչ այդ անեին՝ ոչ այդքան զոհ կունենայինք, ոչ էլ ադրբեջանցիների լեզուն կերկարեր։
Ուրիշ օրինակ բերենք։ Վերջին տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է 350-400 հազար մարդ: Հաշվի առնելով նրանց տարիքային կազմն ու առկա համամասնությունները՝ կարող ենք արձանագրել, որ արդյունքում հայկական բանակը կորցրել է առնվազն 8 հազար զինվոր։ Եթե որեւէ դասակի, վաշտի կամ գնդի հրամանատարի մեղքով մի քանի զինվորի կորուստ է լինում, նրա ուսադիրները պոկում ու ռադ են անում բանակից, եւ ճիշտ են անում։ Երբեմն անգամ դավադրության ու դավաճանության հարց է բարձրացվում։ Հարց է ծազում՝ իսկ ինչպե՞ս կոչել այն իշխանություններին, որոնց վարած հանցավոր քաղաքականության արդյունքում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովողների թիվը նվազել է 8 հազարով։ Բա ձեզ թվում է՝ «դավադրությունն» ու «հող ծախելը» թուղթ ստորագրելո՞վ է լինում։
Կամ՝ պատկերացնո՞ւմ եք, թե հայկական կողմի դիրքերը որքանով ավելի ամուր կլինեին, եթե տասնամյակներ շարունակ երկիրը թալանածներն այդ գումարների գոնե կեսը ծախսեին բանակի հզորացման վրա։ Այ այդ ժամանակ գուցե հնարավոր կլիներ բանակցությունների սեղանի շուրջ գրողի ծոցն ուղարկել մեզ զիջումներ պարտադրել փորձողներին։
Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ակնհայտ է դառնում, որ Արցախի հարցում տասնամյակներ շարունակ դավադրություն է իրականացվել։ Իրականացվել է ամեն օր, ամեն ժամ, պարզապես շատերը դա չեն նկատել, որովհետեւ այդ ամենը խնամքով քողարկվել է հայրենասիրական կարգախոսներով ու վերամբարձ ճառերով։ Հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են կասեցնել այդ ընթացքը եւ գնում են միակ հնարավոր ճանապարհով՝ հզորացնել տնտեսությունն ու բանակը, երկրում վերականգնել արդարությունն ու ներգաղթ ապահովել, մի խոսքով՝ ունենալ ուժեղ, մրցունակ պետություն։ Որովհետեւ դա է անթույլատրելի զիջումներից խուսափելու եւ սեփական շահերը պաշտպանել կարողանալու միակ ձեւը։ Ցանկացած այլ ճանապարհ, որքան էլ առաջին հայացքից չերեւացող, բայց դավադրություն է: Որովհետեւ արդյունքը լինելու է այն, ինչ սովորաբար լինում է դավադրությունների դեպքում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում